Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան

 |armenpress.am|
13:29 - 22 սեպտեմբերի, 2020

Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան |armenpress.am|

armenpress.am: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ համակարգը դեռևս պատրաստ չէ, որ սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով:

Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Զոհրաբյանը շեշտեց՝  գաղափարը միանշանակ ընդունելի է,  իրենք ևս բազմիցս խոսել են մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույց չդիմի: «Սակայն, թե սոցիալական ծառայություններից, թե քաղաքացիներից գալիս են բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք դիմել են ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, ասում են՝ միասնական կաույցի ստեղծման պարագայում, օրինակ Ավանից ինչպե՞ս են գնալու քաղաքի մյուս ծայրը՝ մեկ պատուհանից օգտվելու համար»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանն ընդունեց, որ երկար տարիներ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ «ստանում էին» թոշակ, սակայն պատգամավորը նաև շեշտեց, որ ունքը շտկելու համար չպետք է աչքն էլ հանել: «Անգամ չունենք համակարգված միասնական տեղեկատվական բազա: Մենք ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր: Իմ կարծիքով՝ դա շատ լուրջ մասնագիտություն է: Չե՞ք կարծում, որ դեռևս համակարգն իսկապես պատրաստ չէ այս կարևոր՝ մեկ պատուհանի ինստիտուտի ներդրմանը: Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, որովհետև իմ կարծիքով՝ հունվարի 1-ից հետո ունենանալու ենք բազմաթիվ խնդիրներ՝ միասնական կառավարման հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը:

ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը արձագանքեց՝ տարիներ շարունակ պատրաստ չլինելու մտավախությունը կամ պատրվակը հիմք է հանդիսացել, որպեսզի բարեփոխումը չիրականացվի: «Մենք գնում ենք համարձակ, պատասխանատու բարեփոխման և կարծում ենք, որ դա բազմաբաղադրիչ է, մեկ փուլով չի ընթանալու, այլ քայլ առ քայլ»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել