Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
18:26 - 21 սեպտեմբերի, 2020

Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:  Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մեծապես կարևորում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացումը գործընկեր և բարեկամական երկրի՝ Հայաստանի հետ:

«Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների միջև գերազանց համագործակցությունն ու ակտիվ փոխգործակցությունը հետագայում էլ կշարունակվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Համավարակը մարտահրավեր էր մեր երկու երկրների համար, սակայն լիահույս եմ, որ համակարգված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դուրս գալ այս համաշխարհային ճգնաժամից, և կկարողանանք հաղթահարել հետագա սոցիալական ու տնտեսական դժվարությունները»,- ասվում է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել