lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Տիկին Հայրապետյան, նախօրեին Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում դադարել են: Նա բացասական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների վիճակը և ասել, որ իրենք հանուն իմիտացիայի չեն մասնակցի խորհրդակցությունների: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, սա ավելի փակուղային վիճակ չի՞ ստեղծում բանակցային գործընթացում:

Ալիևը տարիներ շարունակ իր մաքսիմալիստական մոտեցումներով, ռազմատենչ հայտարարություններով, հայատյաց ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտել է խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով իսկ փորձել իրավիճակը ներկայացնել «փակուղային»՝ դրանում մեղադրելով հայկական կողմին և երբեմն նաև համանախագահներին:

Անգամ նման իրավիճակում հայկական կողմը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղել փոխվստահության կառուցման, մթնոլորտի առողջացման և դրանով խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովման օրակարգ: Այդուհանդերձ, քանի որ Ալիևի իշխանության պահպանման համար շահավետ է հարցը թողնել չլուծված, Ալիևը ամեն գնով փորձում է ձախողել այս կառուցողական օրակարգը: Շեշտեմ, որ չկա փակուղի ո՛չ ձևաչափի և ո՛չ էլ գործընթացի առումով, ուղղակի բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ամեն գնով ցանկանում է ստեղծել «փակուղու» իմիտացիա՝ դրանով մեծացնելով էսկալացիայի ռիսկը:

Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք խաղաղ բանակցային գործընթացին և չկա խնդրի կարգավորման ռազմական ուղի: Այս իրավիճակում, ըստ իս, կարևոր է նաև համանախագահների և միջազգային հանրության համապատասխան դատապարտող արձագանքը Ալիևի նմանատիպ հայտարարություններին, որոնց կարող են հաջորդել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից:

Ալիևը նաև հայտարարել էոր ՀՀ ղեկավարությունն էոր փաստացի խախտել է բանակցային գործընթացը՝ անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով

Ալիևը մի կողմից անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով է ներկայացնում ՄԱԿ ԱԽ բանաձևերը, մյուս կողմից՝ մոռացության մատնում, որ թե՛ ինքը, թե՛ իր հայրը բանակցային գործընթացի տարբեր փուլերում կողմ են արտահայտվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ հստակ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ավելին, ինքնորոշման իրավունքը կարգավորման երեք գլխավոր սկզբունքներից մեկն է, սակայն Ալիևին ձեռնտու չէ դա հիշել: Իհարկե, Ալիևին շահավետ չէ նաև հիշել, թե ինչպես էր իր հայրը՝ Հեյդար Ալիևը, ամեն գնով փորձում ուղիղ բանակցությունների մեջ մտնել արցախյան կողմի հետ՝ խնդրելով նաև հրադադար՝ ադրբեջանական կողմի հերթական ձախողումներից հետո: Այսպիսով, Ալիևը իր ստերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ մեղադրելով հայկական կողմին, մինչդեռ փաստերը հակառակի մասին են խոսում:

Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես Ալիևը փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում, հետո, օգտվելով ԵԱՀԿ–ում գործող կոնսեսուսի իրավունքից, կասեցրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորումը: Այս բոլոր քայլերը միտումնավոր էին արվում: Այո, Ադրբեջանը փորձում է հասնել միակողմանի, անհիմն զիջումների, իսկ մենք բազմիցս ենք նշել, որ չեն լինելու միակողմանի զիջումներ, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը զիջման ենթակա չէ:

Շարունակությունը՝ lragir.am-ում