Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել |azatutyun.am|
15:52 - 21 սեպտեմբերի, 2020

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հրաժարական է ներկայացրել:

Վոյտեխին վերջերս խստորեն քննադատել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար, քանի որ անցած երկու շաբաթվա ընթացքում շեշտակի աճել է նոր ախտահարումների թիվը:

Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ Վոյտեխին կփոխարինի Չեխիայի ավագ համաճարակաբան Ռոման Պրիմուլան:

Բաբիշը Թվիթերում տեղադրած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Վոյտեխին: Ըստ Բաբիշի. «Վոյտեխը դրսևորել է աներևակայելի արդյունավետություն կորոնավիրուսի առաջին ալիքը զսպելու գործում և կարող էր համարվել առողջապահության լավագույն նախարարը, եթե ստիպված չլիներ իրավիճակի բերումով իր ամբողջ եռանդն ուղղել համավարակի դեմ պայքարին»:

Այսօր երեկոյան Բաբիշը հատուկ հեռուստաուղերձով դիմելու է քաղաքացիներին: Կառավարությունը կարող է վերականգնել կարանտինային արգելքների մի մասը:

Ենթադրվում է, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ամռանը կարանտինի սահմանափակումների մեծ մասը չեղարկելուց հետո:

Չեխիայում հիմա 100 հազար բնակչի հաշվով արձանագրվում է 193 ախտահարում, ինչն ամենաբարձր ցուցանիշներից է Եվրամիությունում:

Երեկ գրանցվել է 985 նոր դեպք: Ընդհանուր հաշվով Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 50 հազար մարդ, մահացել է 503 հիվանդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել