armtimes.com: Հայաստանի մինչև 2050թ.-ի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմավարությանը՝ ըստ մշակման մոտեցումների: Ընդգծեց՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ռազմավարությունը և ինչ չէ ռազմավարությունը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և այլն: «Մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական լեզվով ձևակերպելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել որպես երազանք: Սրանք ոչ միայն փոփոխություններ են պետական կառավարման համակարգում, դրանք ոչ միայն ենթադրում են ինչ-որ կառուցակարգերի, կանոնակարգերի, օրենքների փոփոխություն, այլ այս փոփոխությունը պետք է խորքային առումով տեղի ունենա հանրության շրջանում, մեզնից բոլորի մոտ, մեր մտքերում, մեր հոգիներում, մեր վերաբերմունքի մեջ»,- նշեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ հույս ունեն, որ այս երազանքի և այս մտավոր փոփոխությունների արդյունքում կկարողանան հասնել թռիչքաձև զարգացման, և, իհարկե, շատ կարևոր է կենդանի գործընթացը, ոչ թե ստատիկ փաստաթուղթ: «Սա կապ ունի իմ ասած քաղաքական կոմպոնենտի հետ, որովհետև այս փաստաթուղթը այնպես չէ, որ մինչև 2050թ.-ը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա: Այստեղ պետք է տեղի ունենա այս ամեն ինչի շուրջ քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտությամբ, որոշակի վերափոխումներ ապրել»:

Նա նաև նշեց՝ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է: «Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների պրոցես, և այդ փոփոխությունները, ինչպես ասացի, պետք է տեղի ունենան բոլոր շերտերում և բոլոր տեղերում, այդ թվում՝ հանրային հարաբերություններում: Ինչպես սիրում եմ ասել, ՀՀ կամայական քաղաքացիների հարաբերություններում այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»: