lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ներկայացնում է ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչեւ 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը։

Նա ներկայացրեց, թե որոնք են ռազմավարության հիմքում դրված արժեքները։

«Առաջին արժեքը, որը ես կուզենայի նշել, հայոց պետականությունն է։ Ինչո՞ւ, որովհետև պետականությունը մեր միակ գործիքն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ։ Այսինքն՝ ունենալ պետություն, նշանակում է ունենալ հնարավորություն սեփական ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ երկրորդ առաջնորդող արժեքը կրթությունն է։

«Կրթությունն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները։ Այսինքն՝ առանց կրթության մենք չենք կարող ընկալել ի վերջո՝ որոնք են մեր պրոբլեմները, առանց կրթության չենք կարող պարզել, թե ինչու չեն լուծվում մեր խնդիրները։ Կրթությունն է այն անկյունաքարը, որով մենք կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումը»,- հավելեց նա։

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ առանցքային արժեքը անհատն է։ Ինչո՞ւ անհատը, որովհետև անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, հանրություն, որը ձևավորում է ժողովուրդ և պետություն։

«Չորրորդ առաջնորդող արժեքը մենք համարում ենք աշխատանքը։ Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ուժը։ Ես շատ լուրջ ու խորքային կապ եմ տեսնում աշխատանքի և կրթության միջև։ Աշխատանքն այն միջոցն ու գործիքն է, որը մեզնից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իրացնել կրթության ընթացքում կուտակված ստեղծարար ներուժը։ Եթե մենք գոհ չենք մեր աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, մենք պետք է վերադառնանք դեպի կրթություն։ Կրթությունը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է մարդն առավոտից իրկուն աշխատում, բայց չի հարստանում»,- ասաց Փաշինյանը։