armenpress.am:  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի վճռականությունը՝ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի նվազել, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց շահերը, իրենց սահմանները: Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց Մնացականյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո եղել է համավարակի հետ կապված իրավիճակը: «Սակայն մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել: Եվ մենք պատրաստ ենք: Եվ, երբ որ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու հարցում, Մնացականյանը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ոչինչ ասել չեմ կարող: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել, անմիջապես կհայտարարենք»: