Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|
11:29 - 21 սեպտեմբերի, 2020

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով շատ մեծ ծավալի քննություն է իրականացվում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով՝ հնարավոր է՝ առաջիկայում գործն ուղարկվի դատարան. «Նմանատիպ գործերի առանձնահատկությունն այն է, որ անընդհատ նոր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործը քննվում ԱԱԾ-ում, եթե պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերով նախաքննությունը ՀՔԾ-ն է իրականացնում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունը իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ հանձնել մեկ այլ նախաքննական մարմնի: Նա շեշտեց նաեւ, որ դատարանը եւս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ տնօրենը բացառեց, որ դա կարող է հավելյալ ճնշում կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար արվել:

Պատասխանելով Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի մասին հարցին՝ Քյարամյանն ասաց, որ դրանից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, ուստի իրենց տիրույթից դուրս է:

Հարցին, թե Գագիկ Խաչատրյանի տղան որտե՞ղ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ հետախուզման մեջ են. նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել