Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը․ Արայիկ Հարությունյան
10:03 - 21 սեպտեմբերի, 2020

Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ,
Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն:

Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել