Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին
14:38 - 18 սեպտեմբերի, 2020

Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է տիկին Ահլամ ԱլՍալամիին, ապա կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության համար, ապա կողմերը զրուցել են համատեղ ծրագրերի իրականացման և նոր ծրագրերի նախադրյալների առկայության մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:

Նախարարն անդրադարձավ վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդգծեց անհրաժեշտությունը՝ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները։

Կողմերն առանձնահատուկ ուշադրության արժանացրին պահպանվող տարածքների կառավարման և ընդլայնման, ինչպես նաև վտանգված տեսակների պահպանության և վերաբնակեցման ոլորտում համատեղ գործողություններին: Վերոնշյալ ոլորտում համագործակցությունը կարևորվում է՝ հաշվի առնելով ԱՄԷ առաջադեմ և հաջողված փորձը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության աշխարհի 25 «թեժ կետերից» մեկը՝ շնորհիվ մեր երկրի հարուստ բուսական և կենդանական աշխարհների։

Այս համատեքստում նախարար Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։

Անդրադառնալով «Արաբական այծքաղ (օրիքս) դիվանագիտություն» նախաձեռնությանը՝ կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի կայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի չշրջանցեցին նաև անտառային քաղաքականության մշակման և իրագործման ոլորտում համագործակցության հեռանկարների ընդլայնման հնարավորությունները։ ԱՄԷ գործընկերները հայկական կողմին առաջարկ էին ուղղել Հայաստանում իրականացնել «Ղաֆ» ծառի տնկման լայնածավալ ծրագիր։ Հիշեցնենք, որ այդ ծառատեսակն աշխարհում հռչակվել է որպես հանդուրժողականության խորհրդանիշ։

Նախարար Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական շրջանակների հետ քննարկումներից հետո իրականություն դարձնել ծառատեսակի միջոցով մեր երկրում անտառածածկ նոր հատվածների հիմնելու նախաձեռնությանն ու նշել, որ նման համագործակցությունը յուրօրինակ խթան կհանդիսանան երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման համար։

➡️Թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում նախարար Պետրոսյանը, մասնավորապես անդրադարձավ թափոնների վերամշակմանն ուղղված հզորությունների և կարողությունների ստեղծման ու կայացման գործում ԱՄԷ հարուստ փորձի և ներդրումային հնարավորությունների խնդրին։
Նա ներկայացրեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկելու նաև վերոնշյալ ծրագրի շրջանակնրում համագործացկության հնարավորությունը։
Նախարար Պետրոսյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ:

Հանդիպումն անցավ ջերմ և գործընկերային մթնոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել