armtimes.com: Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:

Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը տվել է մակերեսային պատասխաններ՝ մանրամասն տեղեկություններ չներկայացնելով:

30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:

Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչ սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին:

Փաստաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների, դրանց արժանահավատության մասին.

- Պարո՛ն Ղազարյան, ի՞նչ տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի, կարգավիճակի մասին:

- Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել, եւ միեւնույն ժամանակ նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետեւ եթե ապաստան է հայցում, դա բացառում է քրեական վարույթը, վարչական վարույթ է, եւ պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե ոչ: Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, եւ հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը:

- Գտնվելու վայրի, պայմանների մասին ի՞նչ են նշել, ինչի՞ց եք հասկացել, որ անազատության մեջ է:

- Ասում են, որ գտնվում է մի հաստատությունում, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո, ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, եւ ամեն ինչ նորմալ է: Բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ, կկարողանար զանգահարել իր հարազատներին, պարզ չի՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելը անազատության հատկանիշներից մեկն է:

- ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշման մեջ կար նաեւ հարց՝ արդյո՞ք Նարեկ Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների եւ ՀՀ իշխանության հետ: Այս հարցին Ադրբեջանը կոնկրետ պատասխան տրե՞լ է:

- Ոչ, չի տվել, ամենայն մանրամասնությամբ այդ հարցին չեն պատասխանել, բայց փաստ է, որ հեռախոսը առգրավված է:

- Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի պատասխանը գոհացնող չէ՞:

- Ոչ, իհարկե, մեր հաջորդ քայլերն ենք մշակում, որոնց մասին ընթացքում կտեղեկացնենք:

Շարունակությունը՝ armtimes.com-ում