Իրավապաշտպան Արսեն Բաբայանի պնդումը, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է, ինչի մասին տեղյակ է պահվել Ա. Բաբայանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը և պարզաբանել Բաբայանի գրառումը՝ կցելով արձանագրությունը։

«Խնդիրը, սակայն, ամսաթվային շփոթն ու թյուրիմացությունը չէ, այլ դիմակ կրելու անհրաժեշտության շուրջ հրահրվող հանրային անվստահության մթնոլորտը:
Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ մեր հանրապետության փորձը վկայում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ դիմակը: Եվ ոստիկանությունն էլ բացառապես դիմակ կրելու պահանջի վերահսկողություն է իրականացնում:

Ցավոք, կան խմբեր և անհատներ, որոնք հասարակության մեջ պարբերաբար կասկածամտություն են հրահրում այս ակնհայտ իրողության շուրջ, հրապարակ են նետվում անստույգ փաստեր ու անհիմն պնդումներ, ինչի նպատակը այս հարցում ոմանց անպատասխանատու վերաբերմունքը լեգիտիմացնելն է:

Իրականում վիճակը չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք ինչ-ինչ հավակնությունների զոհաբերել մեր քաղաքացիների առողջությունը: Կորոնավիրուսի նոր ալիքին դեմ հանդիման՝ աշխարհում կրկին պարտադիր է դարձել դիմակի կիրառումը: Այդ ուղղությամբ խստացվում են երկրների գերակշիռ մասի օրենսդրությունն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց կիրարկումն ապահովում են ոստիկանական մարմինները: Այդ ճանապարհով է գնում նաև մեր հանրապետությունը, և ոստիկանությունը, անկախ անարդար որակումներից ու գնահատականներից, շարունակելու է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումն այդ ոլորտում:

Ակնկալում ենք հանրության ըմբռնումը, աջակցությունն ու համագործակցությունը ոստիկանության հետ, քանի որ մեր երկրում համավարակային անվտանգության ապահովման ու քաղաքացիների առողջության պաշտպանության այլ արդյունավետ ճանապարհ չկա»,- ասված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․

«Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:

Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց:

Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը: Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևացնում է վաղվա իր աշխատանքը»։