armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 115 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:

Մելքումյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները:

Պատգամավորը նախագծով այդ ցանկում ներառել է լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն: