ԲՀԿ-ի հետ համաձայնություն եղել է միայն նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|
22:27 - 17 սեպտեմբերի, 2020

ԲՀԿ-ի հետ համաձայնություն եղել է միայն նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն ի դեմս «Իմ քայլը» դաշինքի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համաձայնություն է ունեցել միայն նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ: Համաձայնությունը չի եղել նույն այն տրամաբանության մեջ, որը ԲՀԿ-ն ժամանակին եկել էր Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ գրասենյակում անցկացված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով իշխանության և  «Բարգավաճ Հայաստան»-ի լարված հարաբերությունների համատեքստում լրագրողի դիտարկմանը, թե ավելի վաղ հուշագիր է ստորագրվել ԲՀԿ-ի հետ՝ Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանությունը, այն է՝ ՔՊ, «Իմ քայլը» դաշինքն, ունեցել է մի համաձայնություն՝ այդ օրը գործող քաղաքական ուժի հետ, որն այդ պահին գտնվել է խորհրդարանում՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մենք հուշագիր ունենք ու ունենալու ենք այս փուլում միայն ՀՀ քաղաքացիների հետ: Ասել, թե մենք հուշագիր ենք ունեցել, դա քաղաքագիտական սխալ է: Եվս մեկ անգամ ֆիքսում ենք, որ մենք այդօրյա խորհրդարանում գտնվող կուսակցության հետ ֆիքսել ենք նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, այլ ոչ թե հուշագիր այն պատկերացման մեջ, որը, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 1-ից հետո: Այն ստորագրվել էր քաղաքական դաշտում համագործակցության համար՝ միասնական քաղաքական օրակարգ և երկրի առաջընթացի հետ կապված»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը մասնակցել է նաև ԲՀԿ ղեկավարին պատկանող գործարանի բացմանը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ երկրի վարչապետը մեծ աշխատատեղ ապահովող յուրաքանչյուր հիմնարկի բացման արարողությանը կարող է մասնակցել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ այսուհետ օրենքից բարձր են:

2018-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» հուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր էին ստորագրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել