Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|
16:24 - 17 սեպտեմբերի, 2020

Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Նախագիծը ներկայացրեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարինե Ավագյանը:  

Պաշտոնյայի խոսքով` նախագիծը միտված է պարզեցնելու պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները և խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում, նաև նվազեցնելու որոշ ծառայությունների համար նախատեսված սակագները:

Նախագծի ընդունման պարագայում` անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` E-cadastre.am կայքի միջոցով:

Ըստ նախագծի` գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար 500 դրամ սակագին է սահմանվում (գործող 1000ղրամի փոխարեն), գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` կրկին 500 դրամ:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար սահմանվելու է 300 դրամ սակագին:

«Այլևս քաղաքացիները ստիպված չեն լինելու շինությունների և հողամասեսրի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ընդ որում էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանելու է Անշարժ գույքի ռեգիստրի ղեկավարը»,- ասաց հիմնական զեկուցողը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել