armenpress.am: Կառավարությունը թույլատրեց  Իրանում գրանցված  «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն:

Ըստ ընդունված որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի ու Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ:

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր ու ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P):

Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը: 

Ծրագրի շրջանակներում երկու մարզերի բոլոր համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման եւ հեռացման պատշաճ ծառայությունների մատուցման ու նոր սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման նպատակով նախատեսվում է ` 

 - Հրազդանում  ԵՄ չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցում (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները),

 -  2 փոխաբեռնման կայանների կառուցում (Ակունք եւ Մարտունի),    

- թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների ձեռք բերում,

- աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռք բերում,

-  թափոնների հավաքման նոր կետերի տեղադրում:

Ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրի և երկու փոխաբեռնման կայանների կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարված  միջազգային մրցութային հայտերը բացվել են ս․թ. հունվարի 24-ին։ Հայտերի գնահատման արդյունքներով «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական  ընկերությունը ճանաչվել է հաղթող, քանի որ վերջինիս մրցութային առաջարկը ճանաչվել է մրցութային փաստաթղթերին էապես համապատասխանող, բավարարել է որակավորման չափանիշներին եւ հանդիսացել  է ամենացածր գնահատված գին առաջարկած ընկերությունը:

Մրցույթի առաջարկների գնահատման զեկույցն ու պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ՎԶԵԲ-ին որից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին ՎԶԵԲ-ից ստացվել է  «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ հուլիսի 15-ին «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է  «պայմանագրերի շնորհման» ծանուցում («Ընդունման նամակ»)։

Վերոնշյալ գործընթացի հաջորդ փուլը ենթադրում է շինարարական աշխատանքների պայմանագրերի կնքումը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության շինարարության  իրականացման թույլտվություն հարցը։

«Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի եւ համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Ակունք ու Մարտունի համայնքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները: