Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|
13:03 - 17 սեպտեմբերի, 2020

Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|

armenpress.am: ԱԺ խմբակցություններին արդեն տևական ժամանակ չի հաջողվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում կոնսենսուսով անդամ նշանակել:  Հարցը լուծելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկում է փոխել մրցութային խորհրդում անդամի նշանակման կարգը:

Գրիգորյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում:

Գրիգորյանը հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ  նշանակվի:  Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Գրիգորյանի նախագծով ի սկզբանե նախատեսվել էր, որ այդ իրավունքն անցնի ԱԺ նախագահին: Սակայն հետագայում քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացվել է այլ կարգավորում:

«Որպեսզի ԱԺ նախագահի կողմից միանձնյա որոշում չկայացվի, նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը:

Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ առհասարակ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և  կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել