Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|
21:14 - 16 սեպտեմբերի, 2020

Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|

fip.am: Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս մասնակցությամբ բացված, այնուհետև փակված գործարանների վերաբերյալ։ 

Ըստ Եղիազարյանի՝ Փաշինյանը մասնակցել էր նաև Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, որը ևս փակվել է։ 

Փաշինյանին զարմացրեց Եղիազարյանի այս պնդումը։

«Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարան եմ բացե՞լ։ Բացե՞լ եմ։ Հա՞, բացե՞լ եմ։ Փաստորեն Վանաձորում մեքենաների արտադրության էն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է։ Շատ լավ է» — արձագանքեց Փաշինյանը։ 

Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը և Արմեն Եղիազարյանը, սկսեցին տարածել Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում դեռևս 2018 թ. դեկտեմբերին գազաբալոնների արտադրությամբ զբաղվող գործարանի բացման վերաբերյալ լուրը՝ պնդելով, որ տեսանյութում Փաշինյանը մասնակցել է նաև մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, ինչպես նաև փորձարկել է արտադրվող մեքենան։

Սակայն ԼՀԿ պատգամավորները սխալվում են, քանի որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացում չի եղել։ Այլ ընդամենը քննարկվել է առաջիկայում նույն ընկերության կողմից մեքենաների արտադրության հնարավորությունը։ Եվ ցուցադրված մեքենան եղել է նմուշ։ 

Fip.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հաստատեց, որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան չի բացվել դեռևս։ 

«Ընդամենը մեկ նմուշ էին բերել Իրանից և ասում էին, որ եթե իրենց ներդումային ծրագիրն առաջ գնա, հնարավոր է՝ այդ մեքենաներն այստեղ հավաքեն։ Նիկոլ Փաշինյանը մասնացել էր գազաբալոնների գործարանի բացմանը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք մեքենաների արտադրությունից ընկերությունը վերջնական հրաժարվել է, քաղաքապետը պատասխանեց, որ արտադրության համար որևէ բան չի էլ ձեռնարկվել, որ հրաժարվեն։ «Մեքենա արտադրելը խաղուպար չի, ուղղակի ցուցանմուշ էին բերել կանգնացրել և ասացին, որ հնարավոր է կարողանան մի օր նաև այդ մեքենաներից այստեղ հավաքել»,- ասաց նա։  

Այսպիսով, ԼՀԿ պատգամավորների պնդումը, թե Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը։ 

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել