lragir.am: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը։

«Հայաստանը ԵԱՏՄ երկիր է և չունի մեկ ուղղության ու մի կողմի շահեր, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով։ «Եթե դուք առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով, կարող եք այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանն ասաց՝ երբ 2018 թվականի Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխությունը, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան պրոցես և ներհայաստանյան օրակարգ։

«Եվ այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, արտաքին օրակարգ չկա։ Եվ երբ մեզ այն ժամանակ հարց էին տալիս՝ արդյոք մենք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, մենք ասում էինք՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա հայաստանյան օրակարգ է։ Մենք չենք պատրաստվում ոչ մի բան ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Մինչև հիմա մեզ ոմանք որոշակի համառությամբ կամ այդ փաստարկների բացակայությամբ մեղադրում են, որ մենք ինչ-որ բան ներմուծել ենք։ Ոմանք էլ մեղադրում են, որ ինչ-որ բան արտահանում ենք։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր այդ ուժերը, ովքեր այդպիսի պնդումներ են անում, քաղաքական առումով ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»,- ասաց նա։