ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին  |tert.am|
17:52 - 16 սեպտեմբերի, 2020

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը և միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ քննդատությունն արժանապատիվ ընդունելու, քննադատությունից հետևություն անելու փոխարեն, նախարարն անցնում է մարդկային կոռեկտության, բարոյականության բոլոր սահմանները։ Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն կառավարության հարցուպատասխանը բոյկոտում է:

«Մենք քննարկելու ենք մեր փաստաբանների հետ Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը: Իսկապես, այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ, այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ անգամ, որևէ կառավարությունում չեն եղել, այսպիսի ագրեսիա այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում քո կարծիքը:

Պարոն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, հայ եկեղեցու առարկան պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» վերաբերյալ: Ադեկվատ քննադատությանն արձագանքել անձնական տիրույթ մտնող կեղտոտ, անպարկեշտ ապատեղեկատվությամբ  հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային և տղամարդուն»,- հայտարարեց Զոհրաբյանը:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավալեց. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ դահիլճում, անբարո ձևակերպումներով հայտարարություն էր, որը բանականության մեջ չի տեղավորվում: Սա խորհրդարան է և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու»:

Նա հավալեց, որ կողմ են քվեարկելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ այս նախարարն անելիք չունի:

Իվետա Տոնոյանն էլ նշեց, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատակնները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ ԿԳՄՍ նախարարը, ոլորտի պատասխանատուն, ով հպարտությամբ իր գրասենյակում տրանսգենդերի էր ընդունում, իսկ դրանից հետո տրանսգենդերը նշում էր, որ բավարարված է հանդիպումից, նա կմնա միակ նախարարը, ով հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, ով հայ գրականության առարկայից հայ բաղադրիչը վերացրեց։ Եթե այս կառավարությանը կոմֆորտ է նրա հետ աշխատելը, ապա մեզ համար, որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ «մասնագետի» գործունեությունը»,- շեշտեց պատգամավորը:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ լրագրողների հարցին, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, նշեց, որ անձնական վիրավորանք է հասցրել մի ողջ մարզի բնակչությանը: «Անձնական վիրավորանք է արել, նշել՝ կոտայքցիներ, դա անհարիր բան է, ժամանակին ղարաբաղցիներ, շիրակցիներ, տարբեր հատվածների իրար դեմ էին հանում, հիմա էլ նույնը: Սա լուրջ վիրավորանք ենք համարում, կրթության, մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է թույլ տալ վիրավորանք հասցնել ցանկացած մարդու: Ես չեմ էլ ուզում ասել՝ ինչ վիրավորանք է, չեմ ուզում կրկնել, քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա»,- հավելեց նա:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել