hetq.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ճգնաժամը լուծված է: Այս կարծիքը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին խորհրդարանում իրականացված ՍԴ 3 դատավորների ընտրությանը:

«Արդյոք սա նշանակու՞մ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան. ո՛չ, չի նշանակում: Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն Կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է առաջադրենք այդ թեկնածուին: Ընդ որում` երկրորդ թեկնածուին, խորհրդարանական խմբակցության դիրքորոշումները հաշվի առնելով»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` ՍԴ դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, որոնք ուզում են խոսել հեղափոխության արժեքների մասին:

«Էնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ կրողներ. ո՛չ, այդպես չէ: Ամեն իրավիճակում կան մարդիկ, ուժեր, ովքեր ուզում են իրենց մարդկանց հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ 3 դատավորի է ընտրել` Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթիրյան և Երվանդ Խունդկարյան: