Անվերապահ հրաժարականներ |hetq.am|
09:35 - 16 սեպտեմբերի, 2020

Անվերապահ հրաժարականներ |hetq.am|

hetq.am: Երբ 2018 թ. «հեղափոխություն» կոչված իշխանափոխության արդյունքում իրենց քաղաքացիական հասարակության մաս համարող անձինք ընդգրկվեցին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ու հետագայում ընտրվեցին որպես պատգամավորներ, որոշակի ակնկալիք ստեղծվեց, որ ԱԺ-ում նրանք պաշտպանելու և առաջ են մղելու սոցիալական արդարության, բնության պահպանության, կապիտալիստական տնտեսական կեղեքումը սաստելու, խաղաղության կամ գոնե մարդու իրավունքների օրակարգերը: Սակայն իրենց պաշտոնավարման շուրջ երկու տարվա ընթացքում եղան բազմաթիվ նախադեպային իրավիճակներ, երբ նրանք իրենց լռությամբ կամ ձայնով լեգիտիմացրին ու սիստեմատիկ կերպով նպաստեցին հակասոցիալական որոշումների և օրենքների ընդունմանը, իսկ համաճարակի պայմաններում տեղայնացրեցին ավտորիտար օրենքներ ու կյանքի կոչեցին է՛լ ավելի կեղեքիչ նեոլիբերալ քաղաքականություններ՝ «ներդրումների ներգրավման» ու «պետական շահի պաշտպանության» փաթեթավորմամբ:

Ոմանք փորձում են համոզել, որ այս մարդիկ համակարգում հայտնված եզակի «փրկիչներ» են և կանխում են ավելի վատթար քաղաքականությունների իրագործումը, «հակահեղափոխության» ալիքը: Այնինչ ակնհայտ է, որ հակահեղափոխությունը իրեն «հեղափոխական» հռչակված ուժի մեջ է. նախկին համակարգից ներգրավված նեոլիբերալ ու ավտորիտար պաշտոնյաները շարունակում են մնալ կամ վերանշանակվել որոշում կայացնող դիրքերում, իսկ «քաղաքացիական հասարակության երբեմնի ներկայացուցիչները» միայն օգնում են գեղեցիկ փաթեթավորել անարդար ու ավտորիտար որոշումները և մատուցել դրանք պրոգրեսիվ, «բոլորիս լավի» համար արվող լույսի ներքո: 

Մենք չենք պատրաստվում մեր լռությամբ փրկել նրանց հեղինակությունը:

Եթե քաղաքացիական հասարակությունից «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորները լինեին իրենց հռչակած արժեքների կրողը, ապա առանց վարանելու մանդատները վայր կդնեին՝ օգտվելով քաղաքական հիմնավորումների հետևյալ ձևանմուշից:

«Ես՝ առաջադրվելով պատգամավորական ցուցակներում, պարբերաբար հանդիպում էի պնդումների, որ իմ նկատմամբ մարդկանց վստահությունը կօգտագործվի ձայներ հավաքելու համար, և շուտով ե՛ս էլ կտեղավորվեմ իշխանության մեջ, կլեգիտիմացնեմ իշխանությունը, կյուրացնեմ իշխանության դեմքը և լեզուն, հանուն քաղաքական միասնության ու լոյալության անգաղափար նպատակների կդառնամ հարմարվողական կամ ցինիկ բյուրոկրատ:

Եվ այդպես էլ եղավ։

Ես ապիկար գտնվեցի՝ պաշտպանելու իմ արժեքները նույնիսկ ինքս ինձանից ու նորմալացրի դա։ Ընկա ինքնախաբեության հոգեբանական ծուղակի մեջ ու համոզեցի ինքս ինձ, որ ներսում գտնվելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եմ բերում: Այնինչ, ես չխնդրականացրեցի անգամ այն, որ իշխանության եմ գալիս իմ իսկ մերժած Սերժի սահմանադրության ու օրենքների ուժով. շատ արագ հարմարվեցի ու սկսեցի սիրել այդ սահմանադրությունը: Ես ընդամենը զբաղված էի բյուրոկրատիայով, վիճակագրություն էի ապահովում, կոճակ սեղմում, ֆեյսբուքում պաշտոնական գրություններ էի տարածում, լայքեր հավաքում ու շռայլում. ոչ թե որոշումներ կայացնող էի, այլ որոշումները սպասարկող:

Ես համոզում էի, որ իրավիճակ է փոխվել, որ արդարության հասնելու համար կարիք չկա փողոց դուրս գալու, որ ընտրված պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալով կլուծեն հարցերը, իսկ «անգրագետ պողոսներն» ու «համբալները» չպետք է մեզ խանգարեն:

Ես իմ անվերապահ հավատարմությունը հայտնեցի միանձնյա որոշում ընդունողներին։ Ես, որ կարող էի քաղաքական նոր մշակույթ բերել, ոչ թե օգտագործեցի իմ լիազորություններն ու լծակները իշխանության ներսից ըմբոստանալու, ինձ համար սկզբունքային հարցերում հրապարակային անհնազանդություն դրսևորելու համար, այլ ընտրեցի լուռ, կրավորական և ենթակա կեցվածքը․ քաղաքական լոյալության խոստում էի տվել։

Ես հռչակեցի, որ կարևորում եմ կանանց սոլիդարությունն ու ազատագրումը, բայց միացա նրանց, ովքեր ճնշում են փողոցում պայքարող կանանց, դարձնում նրանց ձայնազուրկ ու հեղինակազուրկ։ Իմ քաղաքական կյանքում ինձ շարունակեցին ճնշել ավելի մեծ իշխանություն ունեցող տղամարդիկ, բայց ես ընտրեցի հանրային կերպով չընդվզել դրա դեմ: Ես օգտագործեցի իմ խոսափողը այդ նույն տղամարդկանց պաշտպանելու համար։ Ես ընդունեցի  ու տիրաժավորեցի նահապետական գաղափարը, որ «հայրենիքը օջախ է». իսկ օջախում տան գլխավորը կարող է ձեռքը խփել սեղանին ու գոռալով որոշումներ կայացնել:

Յուրացնելով նախկին ակտիվիստիս փորձն ու կապերը՝ ես ընտրեցի գրաքննել իշխանությունից հրաժարված, իշխանությունից դուրս գտնվող, դիմադրող համայնքին: Օգտագործելով համոզելու լեզուն՝ փոփոխությունների իմիտիացիա ստեղծեցի, միջնորդի դեր ստանձնեցի ակտիվիստների ու իշխանության միջև, այնինչ իրականում գործիքայնացրեցի նրանց, չարաշահեցի վստահության տարածքը՝ թուլացնելով պահանջատիրությունը ի նպաստ իշխանական օրակարգիս: Փորձեցի թելադրել ու խմբագրել նրանց, սահմանել «կարելին» ու «չի կարելին» իշխանության հետ հարաբերվելիս։

Արևիկ Մարտիրոսյան, Արփինե Գալֆայան, Աննա Շահնազարյան

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել