Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք,  դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան
19:24 - 15 սեպտեմբերի, 2020

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։

«Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել