armenpress.am: Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը համավարակով պայմանավորված՝ կցուցադրվի վիրտուալ տիրույթում և հեռուստատեսությամբ:

Սեպտեմբերի 21-ին տոնական հաղորդումներ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերով. ծրագրում ՀՀ մարզերում նկարահանած համերգներ են, հետաքրքիր պատմություններ և այլն։

Այս մասին  հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները ժամանակի միջով վիրտուալ ճամփորդության, ինչպես նաև Հայաստանի ամենագողտրիկ անկյունները տեսնելու հնարավորություն կունենան։ «Կլինեն արխիվային անթիվ հետաքրքիր կադրեր, մեր սահմանը պահող զինվորների ջերմ ողջույններն ու երաժիշտների կատարումները՝ երկրի գեղեցիկ վայրերից, իսկ «Զվարթնոց» պատմամշակույթային արգելոց-թանգարանում կկազմակերպվի «Մեր ժամանակներն հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն կանցկացվի հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ»,-շեշտեց Խաչատրյանը:

Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի եթերով կցուցադրվի 11 համերգ: Արվեստասեր հանրությունը կարող է վայելել Նարեկ Հախնազարյանի ելույթը Աժդահակի գագաթից, Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի և «Մենուա» բենդի ելույթները՝ Երերույքի տաճարից, Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի ելույթները՝ Սարդարապատից:

Եթերում իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Կլինեն նաև երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Վերջում «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից հեռուստադիտողը կբացահայտի հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը: