armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:  

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: