Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|
16:22 - 15 սեպտեմբերի, 2020

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը նպաստելը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն:

«Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4  մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները:

«Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև  2020 թվականի մարտի 31-ը ներառյալ,   պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»:

Խաչատրյանը հայտնեց, որ 1250  կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար:

«Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել