Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը
16:00 - 15 սեպտեմբերի, 2020

Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ 

Բացման արարողությանը մասնակցում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ «Վստահ  եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար:

Այսպիսով, արտաքին տնտեսական գործունեության բացմամբ կարող ենք հավաստել,  որ մաքսային մարմին- տնտեսվարող փոխգործակցությունն անցնում է նոր ու ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա:

Գյումրիում  արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նշանակալի քայլ է մաքսային  մարմնի բարձր որակ ապահովող, հաճախորդակենտրոն մոդելի ներդրմամբ: 

Նախատեսում ենք հետագայում ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով կարիքների ու բիզնես գործընթացների առավելագույն օպտիմալացման վրա »,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա:

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։

Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել