armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:

Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Դալլաքյանը:

«Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման  արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը:

Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում»,- ասաց Դալլաքյանը:

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ: