tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը:

Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախաձեռնողները առաջարկում են, որ քննիչ հանձնաժողովը ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2-ը՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին և նշեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարությունները, գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար: «Արդյոք հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում: Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը»,-հարցրեց նա:

Էդմոն Մարուքյանը ասաց, որ հարցը որոշման հետ կապ չունի, թեև պատասխանեց՝ նշելով՝ որ խեղաթյուրված տեղեկություն կա հարցի մեջ: «Հանձնաժողովը ունենալու է 7 անդամ Ձեր խմբակցությունից և ցանկացած հարց, որ առաջարկեք, քննարկվելու է, եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությանը և իրավաչափությանը: Ձեր ձեռքում է ինչ հարց կբերեք օրակարգ, կքննարկենք»,-ասաց նա:

Կարդալ ավելին՝ tert.am-ում։