ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է 45-րդ նստաշրջանի օրակարգում․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել
 |factor.am|
20:32 - 14 սեպտեմբերի, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է 45-րդ նստաշրջանի օրակարգում․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է իր 45-րդ նստաշրջանի օրակարգում, որը մեկնարկել է երկուշաբթի Ժնևում: Հարցը քննարկելու առաջարկը Եվրամիության անունից հնչեցրել է Գերմանիան, գրում է ՏԱՍՍ-ը:

Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 25 կողմ, 2 դեմ, 20 ձեռնպահ: «Հրատապ բանավեճ անցկացնելու որոշումն ընդունված է», – քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Էլիզաբեթ Թիհի-Ֆիսլբերգերը:

Կողմ են քվեարկել ԵՄ անդամ երկրները, Ուկրաինան, ինչպես նաև Լատինական Ամերիկայի պետությունների մեծամասնությունը: Դեմ են արտահայտվել Վենեսուելան և Ֆիլիպինները: Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Հայաստանը, ձեռնպահ են մնացել: Քննարկումը պետք է տեղի ունենա մինչև այս շաբաթվա վերջ:

Ժնևում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում նշել է, որ ԵՄ նախաձեռնությունը «ոչ մի կապ չունի մարդու իրավունքների թեմայի հետ և նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա, ինչն ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

Իր հերթին, Ժնևում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Խորխե Վալերոն ընդգծել է, որ Բելառուսի ընտրություններում հաղթել է ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա հավելել. «Ցավոք՝ ԵՄ երկրներում ժողովրդի ցանկությունը չճանաչվեց»:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի, Նիդերլանդների, Դանիայի, Չեխիայի և Լեհաստանի ներկայացուցիչները Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների այլ պատկեր են ներկայացրել: Օրինակ, գերմանացի դիվանագետն իր խոսքում նշել է, որ ընտրությունների ընթացքում և դրանից հետո Բելառուսում «մարդու իրավունքների վիճակի վատթարացում» է եղել, իսկ ընտրություններն էլ «ո՛չ ազատ էին, ո՛չ արդար»:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել