Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ
18:15 - 14 սեպտեմբերի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ, հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպմանը կարևորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով:

«Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը և ազգային ինքնությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»:

Երկուստեք մտահոգիչ է համարվել  աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները և կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորումները և քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը: Այս համատքեստում զրուցակիցները շեշտել են միջկրոնական հանդուրժողականության և համերաշխ համակեցության կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերով հետևողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել