Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|
17:37 - 14 սեպտեմբերի, 2020

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը: Կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Էդգար Շաթիրյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 18-ին Երևանում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012-ին՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2005 թթ. Շաթիրյանը եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Անդրադառնալով Շաթիրյանի աշխատանքային գործունեությանը՝ Բադասյանը ներկայացրեց հիմնականները: 2002-2005 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես մասնագետ: 2004-2017 թթ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում: 2007-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: 2015-2019 թթ հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ներկայումս աշխատում է միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում՝ որպես ավագ փորձագետ:

Անդրադառնալով հանգամանքներին, որոնցով կառավարությունն առաջնորդվել է Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելիս՝ նախարարը նախ նշեց Շաթիրյանի մասնագիտական լուրջ կարողությունները, մարդկային հատկանիշները, փորձառությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, սահմանադրական իրավունքի ոլորտներում:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել