Նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ. ՍԴ դատավորի թեկնածուն՝ երկրորդ անգամ առաջադրվելու մասին |armenpress.am|
16:15 - 14 սեպտեմբերի, 2020

Նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ. ՍԴ դատավորի թեկնածուն՝ երկրորդ անգամ առաջադրվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը վստահեցնում է, որ որևէ ընթացակարգ չի խախտվել, ինքը նոր գործընթացի արդյունքում Սահմանադրական դատարանում առաջացած՝ դատավորի պաշտոնի նոր թափուր տեղի նոր թեկնածու է:

ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցադրումներին, թե ինչու է նախագահը մեկ անգամ արդեն չընտրված թեկնածուին խորհրդարանի նույն կազմին կրկին ներկայացրել:

 

 Վաղարշանը հարց առաջ քաշեց՝ ճի՞շտ է արդյոք օրենքում օգտագործվող «նոր թեկնածու» արտահայտությունից կառչելը, ինքն էլ պատասխանեց՝ որպես իրավաբան գտնում է՝ ոչ: «Նախորդ ընթացակարգը, նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ: Այն մի քանի փուլով տևեց, անցավ գնաց: Ես հիմա չեմ հավակնում այն տեղին, ես հիմա հավակնում եմ նոր ընթացակարգով նոր ազատված տեղին: Հետևաբար, ես չեմ համարվում թեկնածու, որն այս տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է և հիմա նորից երկրորդ անգամ է առաջադրվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հնչեցված հարցադրումներին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել իր կյանքում, որ որոշել է կրկին առաջադրվել, ասաց՝ իր կյանքում ոչինչ չի փոխվել՝ բացի նրանից, որ այդ մեկ տարում իր անձնական կյանքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: «Ես որպես մարդ, որպես մասնագետ իրավաբան, իմ արժեքային համակարգով նույնն եմ մնացել»,-նշեց Վաղարշյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել