armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան:
Ռուբինյանն այս մասին հայտնեց ԱԺ նիստում ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:
Ռուբինյանը նախ նշեց՝ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը: Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ-ում կա երեք փիլիսոփայություն: Նրա կարծիքով՝ առաջին փիլիսոփայությունը, որը ըստ իրեն, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ոչինչ չանելն է:
«Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք:
Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում: Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր՝ ուղղակի հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը:
Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կտրականապես դեմ էր արտահայտվել Խունդկարյանի թեկնածությանը: Պատգամավորը, մասնավորապես անդրադառնալով Ա1+ հեռուսատընկերության փակման գործին, կարծիք էր հայտնել, թե Խունդկարյանը, նախորդ իշխանության թելադրանքով, վճիռներ կայացնելով, անձամբ մասնակից ու հանցակից է դարձել պետության բռնազավթման գործին:
«Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում նրանց, ում մերժել ենք առաջին օրից»,- նշել էր նա ու միևնույն ժամանակ վստահություն հայտնել, որ իշխանական խմբակցությունը հեղափոխության հաղթանակն անշրջելի դարձնելու համար է խորհրդարանում, և իրենք այդ գործում դաշնակիցներ են:
comment.count (0)