Թաղապետարանի սխալ հաշվարկի պատճառով պարտք է գոյացել․ անվճար գործող պատկերասրահի տնօրենից հավելյալ գույքահարկ են պահանջում
16:50 - 16 սեպտեմբերի, 2020

Թաղապետարանի սխալ հաշվարկի պատճառով պարտք է գոյացել․ անվճար գործող պատկերասրահի տնօրենից հավելյալ գույքահարկ են պահանջում

2014 թվականի նոյեմբերին ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգները Երեւան քաղաքի Իսահակյան 38 շենքի թիվ 3 հասցեում գտնվող իրենց սեփականություն համարվող տարածքը՝ բնակարանը, դարձրել են նկարչի պատկերասրահը։ 

Ամեն տարի, վճարելով պատկերասրահի համար նախատեսված գույքահարկը, 2019 թվականի վերջին Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը իրազեկվել է, որ իրենց տարածքի գույքահարկը սխալ է հաշվարկվել եւ պետք էր վճարել երկուսուկես անգամ ավելի շատ գումար։ Գույքահարկի այս ավելացումը հաշվարկվել է նախորդ բոլոր 5 տարիների համար՝ դառնալով ավելի քան 200 հազար դրամ, բացի դա՝ ընտանիքը ենթարկվել է տույժի եւ պարտավորվում է վճարել ավելի քան 60․000 դրամ։ 

Առաջացած խնդրի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց Սարգիս Մուրադյանի դստեր՝ Զարուհի Մուրադյանի հետ, վերջինս մանրամասնեց․

«Այս տարածքը մեր սեփական տարածքն է, այստեղ 15 տարի եղել է իմ ամուսնու ավիաընկերության գրասենյակը, որը 2012 թվականին փակվեց, եւ ամուսինս տարածքը տրամադրեց ինձ։ Ամուսնուս հետ վերանորոգել ենք այն եւ, բնականաբար, ամեն ինչ արել ենք մեր հաշվին, քանի որ մեր սեփական տարածքն է։ Բացել եմ հայրիկիս՝ հայտնի նկարիչ Սարգիս Մուրադյանի անունով պատկերասրահ՝ 2014 թվականի նոյեմբերին։ Նույն թվականի կեսերին, երբ գլխավոր մուտքի դուռը բացվեց, մեզ ասացին, որ նոր վկայական պետք է հանենք, երբ գնացինք, դիմեցինք նոր վկայականի համար, ասացին՝ դուռ եք բացել, վերջ, ուրեմն հասարակական է․ չգիտեինք, թե մեզ ինչ է սպասում»։

Մուրադյանը պատմեց, որ այդ ընթացքում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ, իսկ 2014 թվականի նոյեմբերի վերջին պատկերասրահը բացվել է։ Մուրադյանի խոսքով՝ այն ժամանակվանից ի վեր 65-ից ավելի միջոցառումներ են իրականացվել պատկերասրահում, ամեն տարի մոտ 10-15 ցուցահանդես, մաստեր կլասներ, կրթական փոքր ծրագրեր, երեխաների ու մեծերի համար նկարչության դասընթացներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ են կազմակերպվել ավեստագետների հետ։

«Այդ ամենն արվել է մեր ընտանիքի ուժերով, մուտքն ազատ է եղել, երբեք տոմս չենք վաճառել։ Այդ ընթացքում, հենց դարձավ հասրակական, թաղապետարանի ներկայացուցիչը, որը տարիներ շարունակ գանձում էր գույքահարկը, բերում է փաստաթղթեր, որտեղից պարզ է դառնում, որ այն մոտ 3 անգամ ավելացել է։ Նույնիսկ այն կես տարին, որ ես ընդհանրապես չէի գործել (քանի որ վերանորոգում էր ընթանում) դա էլ գանձեցին, դա էլ տվեցինք։ Ամեն տարի գալիս էր այդ կինը, եւ ես վճարում էի նաեւ իմ տան գույքահարկը, որը նույնպես կենտրոնում է։ Գալիս, հասնում ենք 2020 թվականին, ասում է՝ «Զարուհի ջան, քեզ պարտք են գրել», ասում եմ՝ ի՞նչ պարտք, ասում է՝ հաշվարկը սխալ է եղել, ձեր գույքահարկը ոչ թե տարեկան 14000 է այլ 38․000»,- պատմեց Մուրադյանը։

Նկարչի դուստրը նշեց, որ երբ 2019-ի վերջին խոսակցություն է եղել պարտքի մասին, իրենք գնացել են թաղապետարան, այնտեղ վերջիններիս ասել են, որ հետին թվով պարտք է կուտակվել։ Մուրադյանը պնդել է, որ այն ինչ թաղապետարանը ներկայացրել է, իրենք վճարել են եւ հրաժարվել են վճարել ոչ իրենց մեղքով կուտակված պարտքը եւ տույժը։ 

«Վերջին ամսվա ընթացքում ես երկու անգամ գնացի թաղապետարան եւ իմացա, որ պարտքից բացի՝ ինձ նաեւ տույժ են գրել, այսինքն 200․000-ից ավելի պարտք է կուտակվել։ Իրենք բացատրում են, որ հաշվարկը սխալ է եղել, հարցնում եմ՝ ո՞վ է մեղավոր, ասում են՝ դուք պետք է իմանայիք, բայց ես որտեղի՞ց պետք է իմանայի։ Շատ անտրամաբանական իրավիճակ է, ես ասում եմ, որ վճարել եմ եւ ցույց եմ տալիս չեկերը։ Ասում եմ՝ եթե պարտքը կուտակվել է ոչ իմ մեղքով, ուրեմն գտեք այն մարդուն, որի պատճառով կուտակվել է եւ իրեն ենթարկեք պատասխանատվության։ Ենթադրենք, որ մեր ընտանիքը բարի կամք է դրսեւորում եւ վճարում է այդ պարտքը, չնայած որ այն մեր մեղքով չի կուտակվել, բայց տույժից հրաժարվում ենք, ասում են՝ դա ձեր իրավունքն է, բայց այն հետո կգնա իրավաբանական բաժին, իսկ հետո ձեր հաշվեհամարից կքաշեն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Մուրադյանը դիմել է իրավաբանի, ապա Երեւանի քաղաքապետարան, դիմում է գրել քաղաքապետին, մանրամասն ներկայացրել իրավիճակը, սակայն պատասխանը ստացել է թաղապետարանից․ քաղաքապետարանից Մուրադյանի դիմումն ուղարկել են Կենտրոնի թաղապետարան։ Դիմումի պատասխանում թաղապետարանը չի պատասխանում Մուրադյանի հարցին, թե ինչո՞ւ պետք է վճարի հավելյալ գումար եւ տույժ, եթե սխալ հաշվարկն իրականացրել է թաղապետարանը, իսկ ինքն ամեն տարի վճարել է իրեն ներկայացված գույքահարկը։ 

Թաղապետարանի տված պատասխանում հղում է արվում «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին․ «Գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքով սահմանված դրույքաչափերով եւ կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը․ շինությունների հարկման բազա է համարվում կադաստրային արժեքը»։

Պատասխանում նաեւ նշվում է, որ ՀՀ կադաստրային կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 22․04․2014-ին Իսահակայան 38, տարածք 3 հասցեով շինության նշանակությունը բնակելիից դարձել է հասարակական։ Վերոհիշյալ փոփոխությունից հետո գույքահարկը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կադաստրային արժեքի 0․3 տոկոս դրույքաչափով հաշվարկման արդյունքում կազմում է տարեկան 38․881 ՀՀ դրամ։ 

«Մեզ տվեցին ինֆորմացիա, որի մասին մենք չէինք հարցնում, ուրիշ հարց էինք տվել։ Դրանից հետո որոշեցինք նորից դիմել քաղաքապետին, գրեցինք, որ, ըստ էության, մեր որեւէ հարցի պատասխան չի տրվել։ Ես կարծում եմ, որ եթե մենք քաղաքակիրթ երկիր լինեինք, ինձ պետք է ազատած լինեին բոլոր հարկերից, դեռ մի բան էլ պետությունը պետք է հարցներ, թե ինչով օգնի, որ այսքան աշխատանք է կատարվում»,- հավելեց Մուրադյանը։

Վերջինիս այս դիմումին Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են՝ հղում անելով կրկին վերը նշված՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին եւ հավելելով, որ նույն օրենքի համաձայն՝ գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկի վճարումը ուշացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է նաեւ տույժ։ Ըստ պատասխանի՝ բնակելիից հասարակականի փոխվելուց հետո հարկման բազան 7122 ՀՀ դրամից դարձել է 12․960 ՀՀ դրամ․ նշված փոփոխության հիման վրա հարկի հաշվառման համակարգում Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով եւ կարգով կատարվել են համապատասխան փոփոխություններ։

Ավելի ուշ Մուրադյանին ուղարկվել է մի պատասխան, որտեղ նշվում է, թե բարձրացված հարցը գտնվում է քննարկման փուլում։ Այն մակագրել է քաղաքապետարանի «Եկամուտների հաշվառման եւ գանձման» վարչության պետը՝ Արմեն Հարությունյանը։

Մուրադյանը պնդում է, սակայն, որ ոչ մի կերպ չի մեկնաբանվում, թե ինչ հաշվարկներ եւ ինչ սխալներ են արվել, թե ով է դրանց պատասխանատուն․

«Իմ իրավաբան ընկերներից մեկն ասաց, որ ես որեւէ քայլ չձեռնարկեմ, սպասեմ, մինչեւ իրենք դատի կտան, այդ դեպքում մենք անպայման կշահենք»,- եզրափակեց Մուրադյանը։

Infocom.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից նշել են, որ 2014 թվականին վերոնշյալ տարածքը բնակելիից փոխվել է հասարակականի, սակայն գույքահարկը հաշվարկվել է բնակելի շինությունների համար նախատեսված դրույքաչափով։ Հաշվառող մարմնի կողմից շինության նպատակային նշանակության փոփոխման փաստը հայտնաբերվել է 2019թ. հունվար ամսին, ինչի հիման վրա կատարվել է նախկինում հաշվարկված հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սեփականատերը վերահաշվարկի մասին տեղեկացել է 2019 թվականին։

«Սեփականատիրոջ կողմից բնակելի նշանակության շինությունների դրույքաչափերով հաշվարկված գույքահարկի համար կատարված վճարումերը, որոնք ներկայացրել է վարչական շրջանը, համապատասխանում են իրականությանը, սակայն ներկայացված գույքահարկի գումարները պետք է հաշվարկված լինեին հասարակական նշանակության շինությունների համար նախատեսված դրույքաչափերով, ինչի ճշգրտումը կատարվել է 2019թ.:

Քաղաքացին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին, որի ընթացքն ապահովելու նպատակով հարցում է ուղարկվել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ տվյալ շինության նպատակային նշանակության փոփոխման հիմքերի եւ ժամանակահատվածների վերաբերյալ, ինչպես նաեւ հանձանարարական է տրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ առաջացած խնդիրը ուսումնասիրելու եւ պարզաբանելու վերաբերյալ, եւ միաժամանակ քննարկումներ են ընթանում շահագրգիռ այլ ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքների վերաբերյալ քաղաքացուն լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է մեր ստացած պատասխանում:

Infocom.am-ը զրուցեց նաեւ իրավաբան Ռուզաննա Ղազարյանի հետ, որի պնդմամբ՝ Կենտրոնի թաղապետարանի ուղարկած պատասխանը իրավաբանական հիմք չունի, այնտեղ գրված չէ, թե որ թվականից են հաշվարկել, ինչու են հաշվարկել, միայն պարտքի չափ են ուղարկել։

«Երբ իմ դիմաց կլինի իրենց իրավաբանը եւ կներկայացնի իրենց պահանջները, ես այն ժամանակ կկարողանամ իրավաբանական գնահատական տալ։ Պետք է կոնկրետ նշված լինեն իրավաբանական խախտումներ։ Այս պահին Զարուհի Մուրադյանը կարող է օգտվել մի կետից, դա այն է, որ իրենք իրավունք չունեն հաշվարկել 2014 թվականից, ընդհանուր մի դրույթ կա, որ հայցային վաղեմության ժամկետը գույքային հարցերով երեք տարի է, իրենք մաքսիմում կարող են վերջին երեք տարվա համար գումար պահանջել, եթե հաստատվի, որ ճիշտ են»,- ասաց իրավաբանը։

Ըստ Ղազարյանի՝ այս պահին Մուրադյանը ոչինչ չպետք է անի, իրավաբանը չի կարծում, թե քաղաքապետարանը կդիմի դատարան։

Անդրադառնալով քաղաքապետարանի՝ մեզ տված պատասխանին, իրավաբանը նշեց, որ համաձայն են այն կետի հետ, թե օրենքով ամրագրված է, որ սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից: Սակայն Ղազարյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում քաղաքացին երբեք չի զլացել կատարել իր պարտականությունները, եւ ժամանակին վճարել է այն գումարները, որոնք իրեն ներկայացրել է հարկային մարմինը: Իրավաբանը նաեւ հավելեց, որ Քաղաքապետարանը եւ Կենտրոն վարչական շրջանը օրենքից ծաղկաքաղ են անում միայն այն մասերը, որոնք իրենց ձեռնտու են։

«Բոլորովին չեն ուզում հիշել Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը, որը սահմանում է, որ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների գույքահարկի գումարները: Ինչը նշանակում է, որ  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և տարեկան հաշվարկները ներկայացնում են շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին, հիմք ընդունելով հենց այդ նույն 10-րդ հոդվածի 3-րդ մասի գումարները»,- հավելեց Ղազարյանը։

Իրավաբանի համոզմամբ՝ քաղաքացուն ոչ թե 2019 թվականին պետք է տեղեկացնեին, թե որքան է կազմելու հետագա երեք տարիների գույքահարկի գումարը, այլ, ասենք 2014 թվականից սկսած՝ հետագա յուրաքանչյուր 3 տարիների համար նախատեսվելիք գումարը, ինչից ելնելով էլ՝ ցանկացած քաղաքացի ինքնուրույն կհաշվարկեր իր տարեկան գույքահարկի գումարը եւ կներկայացներ համապատասխան հաշվառող բաժին:

«Այնինչ, հենց իրենք են բազմիցս նշում, որ իրենք վերահաշվարկն արել են 2019-ին եւ ցանկանում են, որ քաղաքացին հետ հաշվարկ անի եւ դեռ տուգանքներ էլ վճարի:
Բացի այդ, իրենք այդպես էլ չեն պատասխանել քաղաքացու բուն երկու հարցին»- եզրափակեց իրավաբանը: 
 
Ինքը՝ Զարուհի Մուրադյանը, Քաղաքապետարանի տված պատասխանին անդրադառնալով, Infocom.am-ին փոխանցեց իր կատարած վճարումների կտրոնները։ Ըստ դրանց՝ 2012 թվականին բնակելի շինության համար Մուրադյանը վճարել է տարեկան 4223 դրամ գույքահարկ՝ 
 
Իսկ 2014 թվականից հետո, երբ տարածքը դարձել է հասարակական, Մուրադյանը սկսել է վճարել երեք անգամ ավելի շատ գումար՝ 13021 ՀՀ դրամ։ Այնինչ քաղաքապետարանը՝ infocom․am-ի հարցմանն ի պատասխան նշել էր, որ գույքահարկը չափվել է բնակելի շինության համար նախատեսված դրույքաչափով։ 
 
 
Մուրադյանը պատմեց, որ ինքն ամեն տարի ճիշտ ժամանակին վճարել է այնքան գումար, որքան իրենից պահանջել է թաղապետարանի աշխատակիցը, որն արդեն տպված փաստաթղթերով մոտեցել եւ ստացել է համապատասխան գումարը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Քաղաքապետարանի պնդումները չեն հմապատասխանում իրականությանը, քանի որ 2012 թվականին որպես բնակելի շինություն վճարը եղել է տարեկան 4000 դրամ, իսկ հասարակական դառնալուց հետո դարձել է 13․000։
 
Հակադարձելով Քաղաքապետարանի պատասխանին՝ Մուրադյանն ասաց․
 
«Ցավով պետք է նշեմ, որ քաղաքապետարանից ոչ միայն չեն անդրադարձել իմ դիմումի բուն իմաստին, այլ նույնիսկ ցանկության նշույլ չեն ցուցաբերել Երեւանի կենտրոնում արվեստի անվճար կենտրոնի գործունեությանը սատարելու: Ինչն ավելի տրամաբանական կլիներ, քան նամակներս ստեղծված բարդույթի իրական մեղավորին՝ Կենտրոնի թաղապետարան վերաուղղելը»:
 
Ամփոփելով՝ Մուրադյանը շեշտեց, որ հրաժարվում է վճարել Կենտրոն թաղապետարանի՝ հետին թվով կատարած վերահաշվարկների արդյունքում կուտակված գումարը, եւ այն իբր ուշացնելու համար հաշվարկված տույժը: 

«Իմ հետ հետագա հարաբերությունները կարող են վիճարկել միայն դատական կարգով»,- եզրափակեց պատկերասրահի տնօրենը:
 
Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել