Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|
11:16 - 14 սեպտեմբերի, 2020

Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում «ավագ եղբայր» է անվանում: Սա նրանց առաջին հանդիպումն է Լուկաշենկոյի վիճելի վերընտրությունից հետո և Բելառուսում շարունակվող ցույցերի ֆոնին:

Երեկ Մինսկում «Հերոսների երթին» ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մինսկի մետրոյի մի քանի կայարաններ փակվել էին, անջատվել էր շարժական ինտերնետը:

Ցուցարարներից ոմանք հասել են էլիտար Դրոզդի գյուղ, որտեղ ապրում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները: ՕՄՕՆ-ին հաջողվել է փակել ցուցարարների մի մասի ճանապարհը, բայց ավելի քան հազար մարդ հասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինայի տուն: Նրանք պարսպի մոտ պաստառներ և խորհրդանշական նվերներ են թողել: Նախնական տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ:

Բրեստում էլ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների օգնությամբ:

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 36 օր: Շաբաթ օրը Մինսկում և այլ քաղաքներում անցկացվել են կանանց ավանդական երթերը: Դրանց մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Հաջորդ օրն առավոտյան Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 114 ձերբակալվածի մասին:

Այսօր Բելառուսում մեկնարկում են «Սլավոնական եղբայրություն» ռազմական մարտավարական վարժանքները՝ բելառուսական և ռուսական ուժերի մասնակցությամբ: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել