armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:

Նաև ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան»-ը դժգոհեցին, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

 ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խուդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը: