armenpress.am: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական՝ երկրորդ նիստը, որն ամփոփելու է նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու ուրվագծելու է համագործակցության համար նոր առաջնահերթությունները, մեկնարկելու է սեպտեմբերի 14-ից: Այս մասին հայտնեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նիստն անց է կացվելու հեռավար ձևաչափով՝ ՀՀ և ԱՄՆ ոլորտային ավագ պաշտոնյաների մասնակցությամբ մի շարք հանդիպումների անցկացմամբ:

Տեղեկանք: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է 2019թ. մայիսին՝ Երևանում անցկացված անդրանիկ նիստի ընթացքում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում քննարկվել են բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին հատկացվող աջակցությանը` միտված ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելուն: Ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում կողմերը կարևորել են նաև երկկողմ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի խթանումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը: