ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և կցել հանդիպումից լուսանկարներ։

«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս մեկնարկեց Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ հանդիպմամբ, որը տեղի է ունեմում Կահիրեում ՀՀ դեսպանությունում»,- գրել է նա։

Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր է գնահատել եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։

«Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- նշել է նախարարը: