tert.am: ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկում են Բելառուսի նկատմամբ «հասցեական պատժամիջոցների» սահմանումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը, գրում է tass.ru-ն։

«ԱՄՆ-ն պահպանում է պատժամիջոցները 17 անձանց, այդ թվում՝ Բելառուսի ղեկավարի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ձեռնարկվող միջոցները «պետք է պարզ ազդանշան դառնան բոլոր նրանց համար, ովքեր նպաստում են Բելառուսում բռնությանը»:

«Բացի 17 անձանց վրա կիրառվող պատժամիջոցներից, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկում ենք մի շարք միջոցներ, որոնց մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- հավելել է Բիգենը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը և պահանջում է նոր ընտրություններ։