lragir.am: Հարցազրույց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ․

Պարոն Գանտահարյան, երեկ Բեյրութում պայթյուն տեղի ունեցավ։ Ի՞նչ է կատարվում այս պահին։ Կա արդյոք դիտավորություն։

Դիտավորության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ բան չկա հիշատակած։ Նախ ճշտենք, որ սա պայթյուն չի, այլ հրդեհ է: Անիվներ են հրկիզվել և նաև գյուղի որոշ պահեստներ: Մեծ հրդեհ է եղել: Դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչից է այն առաջացել, բայց մանավանդ հրդեհի վայրը խուճապի մթնոլորտ ստեղծեց քաղաքում, որովհետև մարդկանց մոտ տխուր հուշերը վերականգնվեցին: Արդեն իսկ հայտարարվեց, որ հրդեհին անմիջապես մոտ գտնվող շրջակայքից մարդիկ հեռանան, որ չվնասվեն: Դա էր պատճառը, ոչ թե պայթյունավտանգ լինելը: Բանակը ներգրավվեց հրդեհը մարելու աշխատանքներին: Հիմա փոքր ծավալով հրդեհը շարունակվում է, բայց արդեն կարելի է ասել, որ մեկուսացվել է, չի տարածվում: Բայց քանի որ հրդեհի վայրը նավահանգստում էր, մարդկանց մոտ տպավորություն էր, որ սա ևս կարող է պայթյունավտանգ նյութ լինել, հզոր պայթյուն կարող էր վերստին որոտալ և այլն, բայց նման բան չկա:

Ըստ վիճակագրության՝ լիբանանահայերի 49 տոկոսը ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան: Այս թվերի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, և արդյոք Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն այս ուղղությամբ բավարար են:

Հստակ վիճակագրական թվեր, հարցախույզներ, հարցաթերթիկներ չկան, բայց պարզ է, որ մարդիկ ուզում են դուրս գալ, հատկապես պայթյունից հետո, որը եկավ գումարվելու տնտեսական ճգնաժամին: Իրականությունը հետևյալն է, որ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, մարդկանց բնակարանները, խանութները, վաճառատները վերանորոգվում են, նաև համայնքային կենտրոնները՝ եկեղեցիներ, կուսակցական, մշակութային կենտրոններ և այլն: Ուզում եմ ասել, որ մի կողմից վերականգնողական աշխատանքներն են ընթանում, և համայնքն անպայման կվերականգնվի, բայց յուրաքանչյուր ճգնաժամից հետո բնական է, որ արտահոսքի միտումներ կարող են լինել: Պաշտոնապես և կուսակցությունները, և եկեղեցին հայտարարել են, որ նա, ով դեռ ուզում է թողնել երկիրը, նախընտրելի կլինի, որ գնա հայրենիք: Կա հայրենիք գնալու որոշակի միտում, որովհետև այս բոլոր ճգնաժամերից առաջ էլ արդեն կտրուկ ավելացել էին ՀՀ քաղաքացիության համար դիմողները, շատ լիբանանահայեր բնակարաններ էին գնել Հայաստանի տարբեր տարածքներում: Ուզում եմ ասել, որ որոշակի ենթահող կար, և նման ճգնաժամի դեպքում, երբ մարդը տեսնում է, որ կա տնտեսական ճգնաժամ, իսկ ինքն ունի ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում ունի բնակարան կամ բարեկամներ, պարզ է, որ պետք է գնա իր մոտ: Այդ գնացողների մի մասը հետ են գալիս, մի մասը մնում են: Այնուամենայնիվ, որոշակի միտումը տեսանելի է:

Հայաստանում, կարծում եմ, օժանդակության փաթեթը հատուկ լիբանանահայերի համար օրինաչափ է՝ անվճար բժշկություն, անվճար կրթություն, և նաև իմացա, որ բնակարանների վարձակալման առումով, ովքեր որևէ եկամուտ չունեն, որոնց տները փլուզվել, քանդվել են, նրանց նաև որոշակի սուբսիդավորում են տալիս: Կարծում եմ՝ առաջին հանգրվանի համար սա օրինաչափ է: Բայց սա ճգնաժամի հետևանքով գրանցվող հայրենադարձություն է, հետևաբար սա մեծ հայրենադարձության օրակարգի մի մասն է միայն: Ես հասկանում եմ, որ մեծ հայրենադարձության համար պայմանները նաև չեն նպաստում, քանի որ հայրենադարձության դրդող առաջին գործոնը պետք է լինի աշխատանքը:

Շարունակությունը՝ lragir.am-ում