Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|
17:05 - 11 սեպտեմբերի, 2020

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|

fip.am: Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում սոցիալական վիճակի մասին, հայտարարեց, որ այս տարվա հուլիսին աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի գծով գրանցվել է նկատելի աճ։ 

«Մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ․ հուլիսին, հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ մենք ունենք, հանրապետությունում առկա է 613,062 աշխատատեղ։ Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է։ 2019-ի համեմատությամբ դա ավել է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով։ Այսինքն՝ 2020 թ․ օգոստոսին մենք ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թ․ օգոստոսին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը անդրադարձավ նաև միջին աշխատավարձերի աճին՝ հայտնելով, որ դրանք աճել են ավելի քան 7 տոկոսով. «Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13,841 դրամով կամ 7․14 տոկոսով»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել վարչապետի ներկայացրած տվյալները Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ցուցանիշների հետ։ Պարզվեց, որ դրանք հակասում են իրար։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ստացվել այդ անհամապատասխանությունը։ 

Աշխատողների թվաքանակի մասին

Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հուլիս ամսին հանրապետությունում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է 632,410, ինչը մոտ 19,350-ով ավել է Փաշինյանի ներկայացրած ցուցանիշից։

Վարչապետն իր խոսքում աշխատողների այս տարվա թվաքանակը համեմատել էր նախորդ տարվա հետ և հայտարարել, որ այս ցուցանիշը մոտ 6600-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ստացվում է, որ ըստ վարչապետի՝ նախորդ տարվա հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է ավելի քան 606,400։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2019 թ. հուլիսին երկրում կար մոտ 603 հազար գրանցված աշխատող։

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալների նման տարբերությունը հասկանալու համար կապ հաստատեցինք ԱՎԾ-ի ու Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ խնդրելով պարզաբանել այս տարբերության պատճառը։ Ի պատասխան՝ ԱՎԾ-ից Fip.am-ին հայտնեցին, որ վիճկոմիտեն իր ցուցանիշները մշակելիս հիմնվել է ՊԵԿ-ից ստացված տվյալների վրա, և ներկայացված ցուցանիշի հաշվարկման համար հիմք է հանդիսացել հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված աշխատողերի թվաքանակը։ Իսկ ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ վարչապետի հրապարակած տվյալները վերաբերում են հուլիսին եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներով ներկայացված աշխատակիցների թվաքանակին։ 

Առավել հասկանալի և պատկերավոր բացատրելու համար բերենք մի օրինակ։ Եթե 3 տարբեր տեղերում աշխատող և եկամուտ ստացող աշխատողին ՊԵԿ-ն իր հաշվետվություններում ներկայացնում է որպես 1 աշխատող, ապա վիճակագրական կոմիտեն նույն ցուցանիշը հաշվարկում և հաշվետվություններում ներկայացնում է որպես 3 աշխատող, ինչն էլ հանգեցրել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի և ԱՎԾ տվյալների անհամապատասխանությանը։  

Միջին աշխատավարձի մասին

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա վարչապետի խոսքով՝ այս տարվա հուլիսին միջին աշխատավարձը 2019-ի հուլիսի համեմատ աճել է մոտ 13,800 դրամով կամ 7․1 տոկոսով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա հուլիսին երկրում միջին աշխատավարձը կազմել է 193,850 դրամ, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 207,700 դրամ։

Սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այլ են։ Այսպես, նախորդ տարվա հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 187,280 դրամ, իսկ այս տարի ավելացել է ընդամենը 4710 դրամով կամ 2․5 տոկոսով՝ դառնալով 191,990 դրամ։

Այստեղ ևս վարչապետի ու Ազգային վիճակագրական ծառայության տվյալները էականորեն տարբերվում են, ինչը հիմք է տալիս պնդելու, որ վարչապետն օգտվում է Պետական եկամուտների կոմիտեից վերցված տվյալներից։ Մինչդեռ ՊԵԿ-ը աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում, և ԱՎԾ-ն է համարվում դրա հրապարակման միակ պաշտոնական աղբյուրը։ 

Վարչապետն անտեսո՞ւմ է պաշտոնական վիճակագրությունը

Ստացվում է, որ երկու պետական գերատեսչություններ միևնույն ցուցանիշը ստանալու համար օգտվում են միևնույն աղբյուրից, սակայն հաշվարկի մեթոդաբանության փոփոխության պատճառով ստանում տարբեր ցուցանիշներ, ինչը և բերում է վարչապետի հրապարակած տվյալների և պաշտոնական տվյալների հակասության։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում պաշտոնական՝ ԱՎԾ-ի տվյալները, այլ օգտվում է ՊԵԿ-ի տրամադրած ցուցանիշներից։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված թվերը՝ կապված աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ, չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը, իսկ նման տարբերությունը բացատրվում էր ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի՝ նույն տվյալների մշակման մեթոդաբանական տարբերությամբ։

Մինչդեռ վիճակագրական կոմիտեն է փաստացի հանդիսանում պաշտոնական վիճակագրության մշակողը, արտադրողը և տարածողը։ 

Սևադա Ղազարյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել