Հանքահումք, սիգարետ, կոնյակ. Հայաստանի արտահանման «դեմքը»   |hetq.am|
13:32 - 11 սեպտեմբերի, 2020

Հանքահումք, սիգարետ, կոնյակ. Հայաստանի արտահանման «դեմքը» |hetq.am|

hetq.am: Տարիներ շարունակ մի քանի ապրանքատեսակներ Հայաստանի արտահանման առաջատարներն են եղել։ Հանքահումքը, սիգարտը, կոնյակն ու ևս մի քանի ապրանքներ մեր արտահանման «դեմքն» են։ Այս բարձր կենտրոնացվածությունը պահպանվում է նաև այսօր՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Գումարած դրան՝ նվազում են արտահանման ծավալները:

Մաքսային ծառայությունը կիսամյակը մեկ անգամ մանրամասն հրապարակում է Հայաստանի արտաքին առևտրի վիճակագրությունը, որոնց վերլուծությամբ կարելի է հստակ պատկերացում կազմել մեր տնտեսության մասին։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայասատնից արտահանված ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը կրկին գլխավորում է պղինձը։ Վեց ամսում Հայաստանից արտահանվել է մոտ 266 հազար տոննա պղնձի խտանյութ, որի ընդհանուր աժեքը կազմել է 281 մլն դոլար: 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ, արտահանվող պղնձի խտանյութի ֆիզիկական ծավալն աճել է 40 հազար տոննայով կամ 17.7%-ով, մինչդեռ արժեքն աճել է 17 մլն դոլարով կամ 6.2%-ով: Այն, որ արտահանված պղնձի քանակն ավելի մեծ տեմպով է աճել, քան արժեքը, վկայում է այն մասին, որ այս տարի միջինում ավելի ցածր գնով է արտահանվել պղինձը, քանի նախորդ տարի:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտահման կազմում երկրորդ տեղը, ըստ մաքսային արժեքի մեծության, զբաղեցրել է ոսկին, որը մաքսային ծառայությունը ներկայացնում է որպես «ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով); փոշի»: Վեց ամսում արտահանվել է 2.7 տոննա ոսկի՝ 124 մլն դոլար արժեքով: 2019 թվականի համեմատ ծավալը նվազել է 365 կգ-ով կամ 11.8%-ով, իսկ մասքային արժեքը ավելացել է մոտ 8 մլն դոլարով կամ  6.9%-ով:  Այստեղ էլ հակառակ գործընթացն է տեղի ունեցել՝ արտահանվող ոսկու արժեքն այս տարի ավելի բարձր է  եղել:

Երրորդ ամենաշատ արտահանվող ապրանքը ծխախոտն է (սիգար, սիգարետ, սիգարիլլա): Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 11 մլրդ հատ սիգարետ, որի ընդհանուր արժեքը կազմել է 106 մլն դոլար:  Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, սիգարետի արտահանման ծավալները նվազել են 13.8%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 11%-ով:

Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսայրին արժեք ունեցող ապրանքների առաջին տասնյակում են նաև կոնյակը, ֆեռոմոլիբդենը, ալյումինե նրբաթիթեղը, մոլիբդենի խտանյութը, էլեկտրաէներգիան, լոլիկն ու ձուկը:  Սակայն, տարեկան տվյալներով, վստահաբար, լոլիկն ու ձուկն ավելի ցածր հորիզոնականներ կմղվեն, քանի որ կան ապրանքներ, որոնց գերակշիռ մասը արտահանվում են տարվա երկրորդ կեսին: Բոլոր դեպքերում, լոլիկն ու ձուկը նախորդ տարիներին էլ, թեև առաջին տասնյակում չեն եղել, սակայն ներառվել են առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ընդհանուր ցանկերում:

Ներկայացված գրաֆիկում մեկտեղել ենք Հայաստանից արտահանված ամենաբարձր մաքսային արժեք ունեցող 10 ապրանքները՝ ըստ տարիների՝ սկսած 2010 թվականից: Այստեղ ակնհայտ է, որ առաջատարը եղել և մնում է պղինձը: Բարձր հորիզոնականներում է մնացել կոնյակը:

Տարիների ընթացքում տասնյակում իրենց տեղն են ամրապնդել ոսկին, ադամանդը, էլեկտրաէներգիան ու սիգարետը: 

Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 9.9 մլն լիտր կոնյակ՝ 83 մլն դոլարի:  2019 թվականի նույն կիսամյակի համեմատ, ֆիզիկական ծավալները նվազել են մոտ 23%-ով, իսկ արժեքը՝ 14%-ով: Հիշեցնենք, որ վերջին ամիսների կոնյակագործներն ու գինեգործները բարձրաձայնեցին, որ շուկան անկում է ապրում ու ապագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Որոշ ժամանակ անց կառավարությունն այս ոլորտին օժանդակելու ծրագիր ներկայացրեց:

Կոնյակին հաջորդում է ֆեռոմոլիբդենը (երկաթահամահալվածք): Վեց ամսում Հայաստանից արտահանվել է 4.5 հազար տոննա ֆեռոմոլիբդեն, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 59 մլն դոլար: 2019 թվականի նույն ամիսների համեմատ արտահանման ծավալներն աճել են 6.4%-ով, մինչդեռ մաքսային արժեքը նվազել է 20%-ով:

Նույն միտումներն են նաև ալյումինե նրբաթիթեղի արտահանման պարագայում: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 17 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ՝ 46 մլն դոլար արժեքով: Արտահանման քանակն աճել է 2.9%-ով, իսկ արժեքը պակասել է  8.1%-ով:

14 անգամ աճել է մոլիբդենի խտանյութի արտահանումը՝ կազմելով մոտ 6.9 հազար տոննա, որի ընդհանուր մաքսային արժեքը 45 մլն դոլար է: Ենթադրվում է, որ այս աճը պայմանավորված է Թեղուտի հանքավայրի գործոնով, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում չի շահագործվել: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում ապահովել է և՜ արդյունահանում, և՜ արտահանում:

Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը: Վեց ամսում Հայաստանը Իրան է արտահանել մոտ 677 մլն կվտ/ժ  էլեկտրաէներգիա (մոտ 35 մլն դոլար), որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է մոտ 26%-ով: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը ոչ թե փող է ստանում, այլ գազ։ Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքն իրականացվում է  2009-ից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ  3 կվտ/ժ էլեկտրաէներգիա։

Առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 20 հազար տոննա լոլիկ  (թարմ կամ պաղեցված), որի մաքսային արժեքը կազմել է 22 մլն դոլար:  2019-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանվող լոլիկի ծավալն ավելացել է 19.9%-ով, իսկ արժեքը՝ 33.8%-ով: 

Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների առաջին տասնյակն այս տարվա առաջին կիսամյակում եզրափակում է ձուկը (թարմ կամ պաղեցված):  Արտահանվել է 3.2 հազար տոննա ձուկ՝ 15.5 մլն դոլար արժեքով: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, ծավալն աճել է 18.9%-ով, իսկ արժեքը՝ 12.7%-ով:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել