tert.am: Ինձ համար անակնկալ է Արսեն Ջուլֆալակյանի քայլը, գիտեի, որ իր համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց, որ կարող է հանգուցալուծումն այսպես շատ կտրուկ լինել, չէի սպասում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հարցին՝ նա և Ջուլֆալկյանը նույն հանձնաժողովից են եղել, որևէ տարաձայնություն նկատե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց. «Իրականում ասեմ, այո, Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաև` սպորտի բնագավառում, ինչը պարոն Ջուլֆալակյանը նշել է»:

Ջուլֆալակյանը, անդրադառնալով հարցին` խնդիրները փոխնախարարի հե՞տ են կապված, Սոֆյա Հովսեփյանը դրական պատասխան տվեց: «Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը սպորտն է համակարգում, և այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել»:

Հարցին՝ նման տարաձայնությունները պե՞տք է պատճառ լինեն, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, պատգամավորը նշեց, որ դա շատ անհատական և սուբյեկտիվ որոշելու հարց է: «Միգուցե ես չհրաժարվեմ, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հարաժարվեց, ամեն մեկն իր որոշումն է կայացնում: Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքն այլևս ցանկություն չունի շարունակել մեզ հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող է անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չենք կարող անել, մասնավորապես, սպորտի բնագավառում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ նախարարի հետ կոնկրետ խնդիր եղե՞լ է, երբ, օրինակ, Ջուլֆալակյանը տեսակետ է հայտնել, բայց Արայիկ Հարությունյանը բոլորովին այլ բան է պնդել, նա ասաց. «Ակնհայտ խնդիրներ հանձնաժողովի նիստերի ժամանակ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, և այո, եղել են, դրանք երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ»:

Ավելին՝ tert.am-ում