Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարդկայնորեն հասկանում է Մարտի 1-ի զոհերի հարազատների արձագանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննության հետ կապված։

Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե այն զրկանքը, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն են կրել, միշտ բերում է արդարության պակասի զգացողության, և, հետևաբար, իրենք անընդհատ փնտրում են արդարություն և սպասում արդարադատության։

«Բայց իրավական պրոցեսները տանողների վերջին հայտարարությունն ու որդեգրած քաղաքականությունը որևէ կերպ չեն նպաստելու գործի արագ քննությանը։

Այո՛, ինքս խնդիրներ տեսնում եմ, բայց դրանցում մեղադրել գործադիր կամ օրենսդիր իշխանությանը՝ սխալ է։ Հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների օբյեկտիվ քննությունը»,- գրել է Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ կառավարությանը քննադատողներից ոմանք (իրավական պրոցեսներն առաջնորդողները) հեղափոխական արժեքների մասին սխալ պատկերացում ունեն: Եթե մինչև հեղափոխությունը դատավորին զանգելն ու ցուցումներ տալը նորմալ էր,ապա վստահեցնում եմ, որ իրենց Կառավարությունը կատակ չի անում, երբ խոսում է անկախ դատական իշխանության մասին։

«Մենք ձեռքներս ծալած չենք նստել, մենք վարում ենք քաղաքականություն, ունենք հստակ ռազմավարություն, որի իրագործումը բերելու է անկախ և կոռուպցիայից զերծ դատական իշխանության ձևավորման։

Մենք շարունակում ենք կատարել Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքները, հետևողականորեն, առանց վախենալու քննադատությունից. դա է միակ ճիշտ լուծումն ու անկախ դատական իշխանություն ձևավորելու ճանապարհը»,- գրել է Բադասյանը։

Նրանք, ովքեր խոսում են Ալբանիայի օրինակով իրականացված վեթինգից, նախարարը խնդրում է նայել Ալբանիայի փորձը, որքա՞ն է Ալբանիայում տևել պրոցեսը՝ սահմանադրական փոփոխությունների, գործիքակազմի ներդրման առումով, ի՞նչ արդյունք են գրանցել։

«Կան խնդիրներ, դրանք վստահաբար լուծվում են․առաջիկայում կունենանք լուրջ բացահայտումներ, և այն ինչ տեսանելի չի եղել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, վստահ եմ՝ դատական քննության փուլում հասարակությունը դրանց կտեղեկանա և կընդունի, որ Կառավարությունն այս ընթացքում անգործության մատնված չի եղել»,- եզրափակել է Բադասյանը։