Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|
10:57 - 10 սեպտեմբերի, 2020

Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը կարող է ընկալվել նաեւ որպես մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, այս մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Արման Բաբաջանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։

Նկատենք՝ նախագիծը չի տարածվում կեղծ օգտատերերի` ֆեյքերի վրա, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող պարզվել` ով է պատասխանողը: Կարծիքներ կան, որ այս օրինագիծը կարող է ծառայեցվել ազատ խոսքը ճնշելու համար։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը համաձայնեց, որ օրինագիծը կարող է ընկալվել նաև որոշակիորեն մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։ Բաբաջանյանի դիտարկմամբ` ինչպես այս, այնպես էլ տվյալ ոլորտին վերաբերող ցանկացած իրավակարգավորում ընդունելիս չափազանց կարեւոր է հնարավորության սահմաններում հստակ տարբերակում մտցնել բոլոր այն սուբյեկտերի մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են մեդիա տիրույթում։

«Ասածս, իհարկե, հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, սակայն եթե խիստ պայմանականորեն բաժանենք այդ սուբյեկտներին, կարող ենք առանձնացնել երեք հիմնական խումբ՝ առաջին՝ իրական լրատվամիջոցներ, որոնք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից մատուցում են պրոֆեսիոնալ լրատվություն՝ պահպանելով մասնագիտական էթիկայի ու օրենսդրությամբ սահմանվող կանոնները, երկրորդ խմբում այն համացանցային աղբյուրներն են, որոնք ներկայանում են որպես լրատվամիջոց, սակայն գործում են առանց խաղի կանոնների պահմանման, հանուն այցելությունների նենգափոխելով տեղեկատվությունը, կատարելով անորակ, բայց ընթերցողի համար գայթակղիչ մանիպուլյացիաներ, սրանք իրականում պսեվդոլրատվամիջոցներ են։

Եվ երրորդ խումբն արդեն այդ կեղծ օգտատերերն են, ֆեյքերի բանակները, որոնց դեմ պայքարն ամենաբարդն է՝ նաև Ալեն Սիմոնյանի վկայաբերած պատճառով։ Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք կարգավորել դաշտը, պետք է դա անել այնպես, որպեսզի նվազագույն վնաս հասցվի իրական լրատվամիջոցներին, կրկնում եմ, անկախ նրանից՝ դրանք գործում են իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական նախասիրությունների տիրույթում»,-նշեց Բաբաջանյանը` ընդգծելով, որ թիրախում պետք է լինեն պսեվդոլրատվամիջոցներն ու կեղծ օգտատերերը ։

Ներկայացված իրավակարագավորումը՝ դրական լինելով գաղափարի, նպատակի առումով, պատգամավորի խոսքով, թերի է կիրառելիության դաշտում։ «Առանց իմ նշած հստակ տարբերակման, այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է։ Բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանն՝ ինքը ներկայացնելով օրինագիծն այս տեսքով նպատակ է հետապնդել հարուցել դրա շուրջ հանրային, քաղաքական, մասնագիտական քննարկում, որի արդյունքում, հուսամ կլրամշակի նախաձեռնությունը և այն կներկայացնի արդեն հաշվի առնելով հնչած բոլոր մտահոգություններն ու քննադատությունները»,-նկատեց նա։

Որպես իրավակարգավորում, գլոբալ առումով պատգամավորն օրինագիծը դրական է գնահատում, բայց, ասում է, այն խոցելի է՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները։ «Նախ իրավական նորմը պետք է լինի լիարժեք կիրառելի, որպեսզի տվյալ հասարակական հարաբերությունը միակերպ կարգավորի: Այս պահին գործող կարգավորումն էլ, որը նախատեսում է շատ ավելի նվազագույն շեմ, կրկին արդար կերպով չի իրագործվում:

Օրինակ՝ եթե որևէ մեկը հայտարարի, որ Պողոս Պողոսյանին կյանքից դիտավորությամբ զրկելու արարքի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, արարքը կատարողը անզգուշությամբ չի կատարել, այլ դիտավորությամբ, այս դատական համակարգի պայմաններում կենթարկվի պատասխանատվության:

Պատճառը դատաիրավական համակարգի վիճակն է և քանի դեռ իրավապահները չեն բացահայտել այն իրականությունը, որը բոլորիս հայտնի է, ապա այդ հայտարարությունը անողը կարող է վճարել 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ հայտարարությունը նախկինում անելու համար կենթարկվեինք քաղաքական հետապնդման, ներկա պայմաններում կարող է վճարենք այդչափ մեծ գումար:

Նախատեսվածը, ըստ նրա, հարաբերականորեն է որոշակի, չկա նվազագույն շեմ, թողնված է դատարանի հայեցողությանը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, սակայն այս դատական համակարգի պայմաններում, Բաբաջանյանի դիտարկմամբ, չկա այն երաշխիքը, որ դատարանը ձեռնամուխ կլինի քրեաիրավական որակմանը սպասելուն, դրան ուղղված գործողություններ կանի և վարույթը կկասեցնի մինչև այդ հանգամանքի հայտնի դառնալը, այլ որոշակի ազդեցությունների տակ կկայացնի վճիռ ի օգուտ Քոչարյանի:

Մյուս կողմից չկա այն ակտիվ աշխատանքը, որը պետք է կատարեր իրավապահ համակարգը նախկինում կատարված սարսափելի հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Այսինքն, այս նախագիծը ինքնաբերաբար բերելու է արդարությանը տենչողներին լռեցնելուն, ինչը, վստահ եմ, որ նախագծի հեղինակի նպատակը չէ, ընդհակառակը, պարոն Սիմոնյանը ցանկանում է արդար կերպով տալ դրան կարգավորում»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը: Մյուս կողմից էլ, ասում է, կարող են աճել կեղծ օգտատերերի ու իրենց լրատվություն հռչակած որոշ կազմակերպությունների աճը, քանի որ չհայտնաբերված պատասխանող չի կարող լինել, ուստի նրանք էլ գնալու են ծպտված կեղծ լուրեր տարածելու ճանապարհով.

«Ահա այն վտանգները, որոնք կարող է առաջացնել այս նախագծի ընդունումը»: Պատգամավորի խոսքով` լրատվամիջոցը իր աղբյուրից կարող է տեղեկանալ որևէ կոռուպցիոն դեպքի մասին, հրապարակել, սակայն իրավապահների ոչ պատշաճ գործողությունների արդյունքում կամ ընդհանրապես անգործության արդյունքում հայտնվել այս կարգավորման դաշտում և կրել մեծ վնաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել