Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը
 |shantnews.am|
20:55 - 09 սեպտեմբերի, 2020

Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը |shantnews.am|

shantnews.am: 2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով  ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ  ավարտել է  3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող  ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները  փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։

Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին  արտակարգ դրության պատճառով։

Բազմահատոր  թղթապանակներում քաղաքի ժամանակավոր կացարաններում ապրող  ընտանիքների ամբողջական տվյալներն են ներառված: Աշխատանքային խումբը փաստերն հավաքել է  մեկ տարվա ընթացքում, հաշվառել են, լուսանկարել  կացարանների վիճակն ու կազմել  յուրաքանչյուրի տեղեկատվական ամփոփ անձնագիրը:

Ըստ աշխատանքային խմբի հավաքագրած վերջնական տվյալների՝ Գյումրիում կա  2800 տնակ ու ժամանակավոր կացարան, դրանք բոլորն  ունեն  վեցանիշ հասցեավորում: 2800-ից 540-ը քարաշեն , իսկ 859-ը կիսաքարաշեն տնակներ են: Փաստագրման ընթացքում նաև հայտնաբերվել են անհասցե տնակներ, որոնցում ընտանիքներ են ապրում, բայց  ցուցակներում չկան։

Գյումրիի տնակներում ու հարմարեցված  կացարաններում նաև ընտանիքներ են ապրում, որոնք մարզի  համայնքներից են  տեղափոխվել , բնակարան չեն կորցրել, համարվում են, այսպես ասած, կիսված ընտանիքներ։ Քիչ չեն նաև բնակարան ստացած, բայց տնակներում մնացած ընտանիքները, որոնց պատմությունները  տարբեր են։

Աշխատանքային խումբը հստակեցրել է ու հայտնել իր մոտեցումը նման ընտանիքների համար։ Անկախ կարգավիճակից՝ այս ընտանիքները փաստացի համարվում են բնակարանի կարիք ունեցող։ Աշխատանքային խումբը զուգահեռ  սահմանել  է գնահատման չափորոշիչներ։

«Այդ կշիռները մեզ հնարավորություն կտան  որոշել  առաջնահերթությունները ՝հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ։Որոշ ընտանիքներ կունենան ավելի բարձր կշիռներ ու միավորներ»,-պարզաբանել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Տնակների հաշվառման  գործընթացում ամենաբարդ խնդիրը,որին բախվել են հանձնաժողովի անդամները,փակ դռներով տնակներն են  ։Գույքագրվել է այդպիսի  589 ժամանակավոր կացարան։ Այս հարցին  կառավարությունը  մեկ ամիս առաջ ընդունված օրենքով կարգավորում է տվել ,ըստ որի ,անհրաժեշտությունից ելնելով՝  թույլ  է տրվում համայնքային  տարածքներում տեղադրված տնակներն ապամոնտաժել:

«Այդ օրենքը  արդեն ընդունվել է,օգոստոսի 5-ին արդեն ուժի մեջ է մտել։Այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա  պետական կամ համայնքային  սեփականություն հանդիսացող  հողամասը ազատելու հետ  կապված  ձևավորել մոտեցումներ,ընդհուպ մինչև տնակները հեռացնելու հետ կապված կարգը սահմանել»,-նշեց  Տանյա Արզումանյանը։

Համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորներում տեղադրված ու տարիների ընթացքում կառուցապատված տնակներում ապրող ընտանիքներից շատերը հրաժարվում են  ազատել տարածքներն ու դուրս գալ տնակներից:Փոխարենն առաջարկում են թույլ տալ սեփականաշնորհել ։Այս հարցը ևս  քննարկվել է  աշխատանքային խմբում։«Գրանցելով սեփականության իրավունքը ավտոմատ զրկվում են  անօթևանության կարգավիճակից,եթե մարդը տուն ունի,անկախ էն  հանգամանքից ,կորցրել է,թե չի կորցրել։Եթե կարողացել է կառուցել սեփական տուն,էդ դեպքում պետությունը պարտավորություն չունի նրանց նկատմամբ,այսինքն մենք լուծում ենք հիմա էն մարդկանց խնդիրը,ով ի վիճակի չէ սեփական ուժերով կառուցել իր տունը»,-նշեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գևորգյանը

Աշխատանքային խմբի հաշվառումից դուրս են մնացել  գերատեսչական կառույցներում կամ այլ տարածքներում բնակվող ընտանիքները ։Այն օրակարգային հարց է շարունակում է մնալ աշխատանքային խմբի համար , որի լուծումները փուլային են լինելու  :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել