civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը արդեն տարիուկես վեր է ածվել ֆարսի․ նման համոզմունք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության մասին։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ դատական համակարգում չլուծվող խնդիրների հիմնավորմամբ։ 

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցների փոփոխության շրջապտույտի մարտավարություն է ընտրել, և «կարծես դա սկսել է դատավորին դուր գալ»։ 

«Կամ դատավորը պիտի մտնի արագ դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը այլևս չպիտի խոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- ասել է «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում։

Նա նաև նշել է՝ դատական համակարգը հեղափոխությունից հետո «իր մեջ առողջացման ու ինքնադրսևորման ուժ պիտի գտներ»։