Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|
13:45 - 09 սեպտեմբերի, 2020

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

tert.am: Մենք դեռ նախանցյալ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էինք, որ նրանց դատարան հրավիրեն վկայի կարգավիճակով, այն պարզ պատճառով, որ այս գործը, որը քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:

«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունը այս գործին այդ կարգավիճակով և մասնակցեն վկայի կարգավիճակով, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ: Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, դատավարությունը հետաձգվեց, որովհետև դատարանը որոշեց, որ առանց Եգորյանի մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի: Երեկ էլ պարոն Եգորյանը նորից չէր եկել: Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանը պարոն Եգորյանի չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի լուծման համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»,- ասաց նա:

Հայկ Ալումյանը մեկ այլ փաստարկ ևս նշեց, որը ներկայացրել են նաև դատարանին: ««Մարտի 1»–ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ-ի վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, հենց այդ գործով են քննվում մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքները: Այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, և բոլորս պետք է հույս ունենանք, որ այդ գործով պետք է բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ այս գործով»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն էլ պատճառաբանում է, թե քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են այն գործից անջատված գործերով:

«Այդ դեպքում մենք ասում ենք լավ՝ ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց 102-ին, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը ընտրել նրանց, որոնք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞, եթե ոչ, բացատրեք ձեր չափանիշը ընտրության»,- հայտարարեց նա:

Հայկ Ալումյանն ասաց, որ այս հարցերն են բարձրաձայնել դատարանում, սակայն դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում: «Այսինքն՝ այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները, այսպիսի իրավիճակում է տեղի ունենում դատավարությունը»,- ասաց նա:

Հայկ Ալումյանն իր ասածը հիմնավորեց այն փաստարկով, որ այս ամբողջ ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած (այն էլ ոչ Քոչարյանի պաշտպանների կողմից) միակ միջնորդությունը, որ դատարանը բավարարել է, այն էր, որ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով երկրից բացակայել՝ բժշկական ստուգումներ որոշակի միջոցառումներ անցնելու նպատակով: «Այլ որևէ միջնորդություն պաշտպանական կողմի, բացառությամբ 10 րոպե հայտարարվող ընդմիջումների, դատարանը մինչև այսօր չի բավարարել, որովհետև յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազներն առարկում են, և խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտում է որպես վետո»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել