armtimes.com: Մարտի 1-ի դատարան ուղարկված գործով տուժողի իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների դատավարական այդ կարգավիճակները չեն դադարեցվի։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, լսելով կողմերին եւ խորհրդակցելով տեղում՝ քիչ առաջ որոշեց մերժել պաշտպանական կողմի այդ միջնորդությունը հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի քրեական գործով տուժողները որպես այդպիսին տուժող ճանաչված չեն անջատված մասի, այսինքն՝ այս քրեական գործի շրջանակում, դատարանն արձագրեց, որ նշված անձինք ճանաչվել են տուժող այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է սույն քրեական գործը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ նորմ չի պահանջում, որ պայմանականորեն ասված մայր քրեական գործից մաս անջատելուց հետո մայր գործով կարգավիճակ ունեցող անձանց այդ կարգավիճակը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետք է վերահաստատվի անջատված գործի շրջանակում կամ նոր որոշում պետք է կայացվի։

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն փաստարկներին, որ սույն քրեական գործով տուժողները որպես այդպիսին ոչնչով չեն տարբերվում մայր քրեական գործով տուժող ճանաչված, բայց այստեղ չդատակոչված տուժողներից, դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները դուրս են սույն քրեական գործի շրջանակներից՝ հաշվի առնելով, որ դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործով քննության առարկա հանդիսացող իրադարձություններին եւ իրավասու չէ անդրադառնալու այլ քրեական գործով որպես տուժող հանդես եկող անձանց համապատասխան կարգավիճակ ձեռքբերելու հիմքերին՝ հաշվի առնելով, որ նրանք սույն գործով որեւէ կարգավիճակ չունեն։

Վերոնշյալի հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը եզրակացրեց, որ չունի հիմքեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ․ «Միաժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքները, դրանց ենթադրյալ հետեւանքները, այդ թվում՝ տուժողների կրած վնասները, բնույթը, աստիճանը, պատճառական կապը ենթադրյալ գործողությունների հետ, հանդիսանում են սույն քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներ, այսինքն՝ պետք է հերքվեն կամ հաստատվեն դատաքննության փուլում, հետեւաբար պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց դատավորը։

Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։